կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-11 13:15
Տնտեսական

Երկար սպասված համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա ՀՀ իշխանությունների առաջնահերթություններից մեկը. Պարսյան

Երկար սպասված համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա ՀՀ իշխանությունների առաջնահերթություններից մեկը. Պարսյան

Իրանի խորհրդարանը երեկ` հունիսի 10-ին,  վավերացրել է Եվրասիական տնտեսական միության  հետ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որը երկարաշունչ ու բարդ բանակցություններից հետո ստորագրվել էր 2018-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին քայլն էր: Հիշեցնենք, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները բավականին երկար տևեցին՝ մի քանի փուլերով։ Հանդիպումները տեղի էին ունենում ԵԱՏՄ անդամ երկրներում և Իրանի Իսլամական Հանրապետությունում: Բանակցությունների ժամանակ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր ձգտում էր միաժամանակ պաշտպանել իր ներքին շուկան և արտոնություն ստանալ արտահանման ժամանակ: Օրինակ՝ Բելառուսը դեմ էր իրանական կողմի կաթնամթերքի համար մաքսատուրքերը նվազեցնելուն, Ռուսաստանը դեմ էր խնձորի համար ցածր մաքսատուրքեր սահմանելուն, Հայաստանը և Ղրղզստանը փորձում էին սահմանափակել Իրանից բանջարեղենի ներմուծումը և այլն: Հայկական կողմը ձգտում էր ստանալ մի շարք ապրանքատեսակների մասով արտահանման արտոնություններ, մաքսատուրքերի նվազեցում: Դրանք են՝ սիգարետ, պահածոներ, հանքային ջուր, գազավորված ըմպելիքներ, տավարի միս, տեքստիլ արտադրանք և այլն:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով համաձայնագրին ու դրանից բխող հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որն ունի ցամաքային սահման Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավելին` ծանոթ է իրանական տնտեսական քաղաքականությանը, գործարար սովորույթներին, ապրանքներին, երկրում կիրարկվող կրոնական պահանջներին և այլն: Ինչ վերաբերում է բուն համաձայնագրին, ապա, ըստ նրա, այն ապրանքների մասով, որոնք ներառված են համաձայնագրին կից ցանկերում, նախատեսված են դրույթներ, համաձայն որոնց՝ կողմերը պարտավորվում են չկիրառել  քանակային սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել առևտրում տեխնիկական խոչընդոտների և սանիտարական, անասնաբուժական ու ֆիտոսանիտարական միջոցների` Առևտրի համաշխարհային կազմակերպության բազային սկզբունքները:

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված  ցանկում ներառված` հայկական կողմի առաջարկած ապրանքներն արտահանման առաջնային հետաքրքրություն և տեսակարար կշիռ ունեն Հայաստանից Իրան արտահանման ծավալներում: Այսպես` տավարի մսի մաքսատուրքը 26 տոկոսի փոխարեն լինելու է 10 տոկոս, հանքային և գազավորված ջրերի, շաքարի և այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր պարունակող գազավորված ըմպելիքների, ոչ ոգելից խմիչքների մաքսատուրքը 55 տոկոսի փոխարեն լինելու է 14 տոկոս,  դեղամիջոցներինը` 37 տոկոսի փոխարեն 18.5 տոկոս, տրիկոտաժե արտադրանքին` 55 տոկոսի փոխարեն 38.5 տոկոս, և այլն»,- հայտնեց Պարսյանը և հավելեց, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Ըստ մեր զրուցակցի` Իրանի մաքսային համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ լիազոր մարմինը, ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել և իջեցնել մաքսատուրքերը, ինչն անկանխատեսելիություն է հաղորդում ներմուծման գործընթացին: Այդ իսկ պատճառով իրավիճակը հստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների համար առաջարկվել է «սառեցնել» գործող մաքսատուրքի դրույքաչափը:

Դառնալով իրանական մի շարք ապրանքների հնարավոր ցածր գներին ու ԵԱՏՄ երկրներում այդ ապրանքների մրցակցությանը` Պարսյանն ասաց. «Մի շարք ապրանքների`  կարտոֆիլ, պոմիդոր, կաղամբ, վարունգ, խնձոր, պոմիդորի մածուկը և խնձորի հյութ, Հայաստան կամ ԵԱՏՄ այլ երկիր ներմուծումը կխստացնի մրցակցությունը, և տեղական արտադրողները պարտադրված կլինեն վերանայել իրենց արտադրա-տնտեսական քաղաքականությունը, հակառակ պարագայում` ցածր գներով իրանական ապրանքները դուրս կմղեն նրանց շուկայից: 2018-ին, օրինակ, նման իրավիճակ գրանցվեց ցեմենտի շուկայում, երբ իրանական ցեմենտը, արժեզրկված թումանի և  էներգակիրների ցածր գների պայմաններում, հայկական ցեմենտ արտադրողներին մեծ հարված հասցրեց, և կառավարությունը պարտադրված էր ընդունել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ: Նման իրավիճակ հնարավոր է նաև այլ ապրանքային շուկաներում»:

Տնտեսագետը համոզված է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը, ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմներ` GSP, GSP+, ինչպես նաև` հարաբերություններ Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, կարող է և պետք է դառնա կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ Իրանից ներմուծված բանջարեղենը հնարավոր է վերամշակել Հայաստանում ու արտահանել այլ երկրներ:Ըստ նրա` Հայաստանում արտադրության կազմակերպումն առավել գրավիչ կդարձնի Մեղրու ազատ տնտեսական գոտին, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մի շարք հարկատեսակներից:

«Երկար սպասված համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա ՀՀ իշխանությունների տնտեսական առաջնահերթություններից մեկը, և այս հանգրվանում նպատակահարմար է իրականացնել հետևյալ քայլերը` համաձայնագրից բխող սակագնային արտոնությունների մասին տեղեկատվություն տարածել՝ հստակ նշելով մաքսատուրքերի նվազեցումները, հրապարակել նաև այլ երկրների կողմից Հայաստանին տրամադրված արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP, GSP+) տակ ընկնող ապրանքների ցանկը, իրանահայերի մասնակցությամբ կազմակերպել բիզնես համաժողով` խրախուսելով արտադրության կոոպերատիվ կապերի ստեղծումը, պետության-մասնավոր համագործակցության շրջանակում ֆինանսավորել հայ-իրանական նոր բիզնես նախագծերը և այլն: Ուշագրավ է նաև, որ 2018 թվականին ՀՀ-ԻԻՀ ընդհանուր առևտրաշրջանառությունն աճել է 40,5 տոկոսով: ԻԻՀ-ից ՀՀ ներմուծումն ավելացել է 54,2 տոկոսով. զգալիորեն ավելացել են բնական գազի, ցեմենտի, նավթամթերքի ներկման ծավալները և այլն»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը: