կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-05 14:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ-ի մուտքը Հայրենիք սպասված էր, բայց նաև անցանկալի` օրվա իշխանությունների համար. Իշխան Սաղաթելյան

Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ

1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճակված հայ ժողովրդի պատմության մեջ։ Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից։ Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 և 31 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրման դատին։  Պատվով ու հայրենիքով երդվյալների իրարահաջորդ սերունդների նպատակը եղել է մեկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։

Եվ այդ պայքարը շարունակվում է արդեն 131 տարի։ Փոխվում են ժամանակները, փոխվում են պայքարի ձևերն ու մեթոդները, փոխվում են մարտահրավերներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխավոր նպատակը։

Երեկ, այսօր և վաղը Դաշնակցությունը եղել է, կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հողին ու հային։  Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող և ապագայի տեսլականով կազմակերպություն է։ Միշտ կենսունակ կազմակերպություն։

Գործելով Հայրենիքում և Հայրենիքից դուրս՝ Դաշնակցությունը միշտ վառ է պահել անկախ պետականության գաղափարը։ 1990 թ. Դաշնակցությունը վերադարձավ Հայրենիք և անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Դաշնակցությունը ոգի ու կազմակերպված բնույթ հաղորդեց ազատագրական պայքարին։ Կազմակերպության նվիրյալների մի ամբողջ փաղանգ կյանքով ու գործով ապացուցեց, որ Դաշնակցության բազուկը չի կորցրել իր ուժը։ Զինական գործին զուգահեռ՝ Դաշնակցությունն ակտիվ գործունեություն ծավալեց նաև քաղաքական ասպարեզում։

Դաշնակցության մուտքը սպասված էր շատերի համար, բայց նաև անցանկալի` որոշների, հատկապես` օրվա իշխանությունների համար, որովհետև տեսակի, նկարագրի, արժեհամակարգի խնդիր կար։ Եվ կրկին փորձ արվեց կասեցնելու կազմակերպության գործունեությունը Հայրենիքում։

1998 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի  հեռացումից հետո,  դադարեցին հալածանքները  Դաշնակցության նկատմամբ: ՀՅԴ-ն արդարացվեց։ 1999-2009 և 2016-2018 թվականներին Դաշնակցությունը տարբեր ձևաչափերով մաս է կազմել իշխանությանը։

Մենք ոչ միայն լավ կռվել գիտենք, այլ նաև կառուցել։ Ժամանակն էր լծվելու  պետականաշինության գործին։ Հիմա շատ է խոսվում այդ տարիների և՛ ձեռքբերումների, և՛ բացթողումների մասին։ Մենք մեր ողջ ուժերով, համահայկական կառույցով` և՛ Հայաստանում, և՛ Արցախում, մասնակցել ու մեր նպաստն ենք բերել երկու պետականությունների կառուցման գործին։

Այո՛, այդ տարիներին եղել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաև սխալներ, բայց այդ սխալներն արագ շտկվող էին, դրանք մեզ թուլացնող, մեր զարգացման տեմպերը դանդաղեցնող սխալներ էին, բայց ոչ երբեք` կործանարար։

Դաշնակցությունից մեր ժողովրդի սպասումները միշտ մեծ են եղել, բայց տված քվեն` ոչ բավարար։ Մենք, հանուն քվեի, երբեք ամբոխավարությամբ չենք զբաղվել, միշտ ցույց ենք տվել իրական զարգացման ճանապարհը, որը եղել է բարդ և դժվարանցանելի։ Մենք ամբողջական իշխանություն չենք ունեցել` մեր ծրագրերը լիարժեք իրականացնելու համար, այդ պատճառով մաս ենք կազմել տարբեր կառավարությունների։ Այո՛, մենք մեր մասնակցության չափաբաժնով տեր ենք այդ տարիների և՛ լավին, և՛ վատին։

Եվ, առհասարակ, մենք մեր կուսակցության 131 տարիների, մեր կենսագրության յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր քայլի և որոշման համար հաշվետու ենք մեր ժողովրդին։ Մենք սխալներ ունեցել  ենք, չեն սխալվում ոչինչ չանողները, բայց ինքներս մեզ ու մեր գաղափարներին, մեր համոզմունքներին, մեր նպատակներին երբեք  չենք դավաճանել։

Տե՛ս նաեւ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արժևորելով պայքարի 100 և 31 տարիները՝ պիտի կերտենք նո՛ր արշալույս. Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ 131-ամյակի առթիվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակ բոլոր մարտահրաւէրներուն, համախմբելով ողջ հայութիւնը, պիտի կերտենք նոր արշալոյս. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանակենտրոն մտածողությամբ պիտի կերտենք նոր արշալույս. Քրիստինե Վարդանյանի ելույթը ՀՅԴ 131-ամյակի հանդիսության ժամանակ