կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-22 13:30
Տարածաշրջան

Վաղը Թուրքիայում տեղի կունենան երկար սպասված ընտրությունները

Վաղը Թուրքիայում տեղի կունենան երկար սպասված ընտրությունները

Վաղը` հունիսի 23-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նախատեսվում են քաղաքապետի ընտրություններ, որոնք այս տարի տեղի կունենա արդեն երկրորդ անգամ: Մարտի 31-ին նշանակված համապետական ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր` ստանալով ընտրողների քվեի 44.33 տոկոսը, իսկ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը` 30.12 տոկոսը: Չնայած հաղթանակին` Էրդողանի կուսակցությունը պարտվել էր երկրի 6 խոշոր քաղաքներից 5-ում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում և Այդընում, իսկ հաղթել` միայն Բուրսա քաղաքում:

Ամենամեծ պարտությունը համարվում էր 15 միլիոնանոց Ստամբուլ քաղաքի արդյունքը, քանի որ այն համարվում է երկրի գլխավոր տնտեսական, քաղաքական կենտրոնը: ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել էր ընդամենը 13.000 ձայնի տարբերությամբ` առաջ անցնելով գլխավոր մրցակից, ԱԶԿ թեկնածու, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմից: Չհամակերպվելով ընտրության արդյունքների հետ` ԱԶԿ-ն բողոքարկեց Ստամբուլ քաղաքի ընտրության արդյունքները, որից հետո` մայիսի 6-ին, Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց չեղյալ հայտարարել Ստամբուլի ընտրության արդյունքները` նոր ընտրության օր նշանակելով հունիսի 23-ը:

31.342 ընտրատեղամասում ընտրությունները սկսվելու են թուրքական ժամանակով 08:00-ից և տևելու մինչև 17:00-ն: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 10 մլն 560 հազ. 963 քաղաքացի:

Մրցելու է 21 թեկնածու` ԱԶԿ-ից` Բինալի Յըլդըրըմը, ՀԺԿ-ից` Էքրեմ Իմամօղլուն, «Բարօրություն» կուսակցությունից` Նեջդեթ Գյոքչընարը, «Հայրենիք» կուսակցությունից` Մուսթաֆա Իլքեր Յուջելը և 17 անկախ թեկածուներ:

Հունիսի 23-ին նշանակված ընտրություններին նախորդած քարոզարշավն առանձնանում էր նրանով, որ թեկնածուներն այցելում էին ոչ միայն Ստամբուլի թաղամասեր, այլև քաղաքից դուրս: Այսպես` ծնունդով Տրապիզոն քաղաքից Իմամօղլուն այցելել էր Տրապիզոն քաղաքը, ինչից հետո թուրքական իշխանամետ մեդիադաշտը նրան մեղադրեց «պոնտոսցի հույն» լինելու մեջ: Իսկ ԱԶԿ թեկնածու Յըլդըրըմն այցելել էր քրդաշատ Դիարբեքիր քաղաքը: Այցի ընթացքում ուշագրավն այն էր, որ նախկին վարչապետն արտաբերեց «Քուրդիստան» բառը և քննադատությունների տեղատարափից հետո հայտարարեց, որ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը նույնպես շատ էր օգտագործում այդ տերմինը:

Հավելենք նաև, որ ընտրություններին ընդդիմադիր ՀԺԿ-ին իր աջակցությունն է հայտնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, իսկ այդ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը երեկ հայտարարել էր, որ իր քվեն տալու է Իմամօղլուին, և կոչէր  արել ընտրողներին` անել նույնը: