Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նամակով է դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Նամակում Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը՝ հիշեցնելով պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե պատերազմում կար նաև երրորդ կողմ՝ ՌԴ-ն: Նամակը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Հարգելի պարոն Միրզոյան
ՀՀ Ազգային Ժողովը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող հարցերն ուսումնասիրելու օրակարգով: Ճիշտ էր նման հանձնաժողովի ստեղծումը, թե ոչ՝ չեմ ուզում հարցին անդրադառնալ. հանձնաժողովի ձևավորվորումը փաստ է և, կարծում եմ, պետք է նպաստել, որպեսզի այն անկաշկանդ, անկողնմակալ և լիարժեք կարողանա պատասխանել հասարակությանը հուզող այն բոլոր հարցերին, որոնք այս պահին շրջանառվում են:
Իմ խորին համոզմամբ, հանձնաժողովը նախ պետք է հստակ պատասխան տա ուսումնասիրվող թեմային առնչվող կարևորագույն հետևյալ հարցին՝ բացի պատերազմող տեսանելի երկու կողմերից, որևէ երրորդ կողմ ներգրավված եղե՞լ կամ ուղորդե՞լ է պատերազմը, թե՝ ոչ: Վերջին երեք տարիների ընթացքում այս հարցը միշտ թափառել է մեր քաղաքական օրակարգում: Ոմանք ամենատարբեր ամբիոններից բազմիցս անդրադարձել են հարցին, այդ թվում նաև այդ օրերին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտ հայտարարելով, որ քառօրյա պատերազմում կա նաև երրորդ կողմ ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը:
Կարծում եմ, որ հանձնաժողովը պետք է լրջորեն ուսումնասիրի այժմ վարչապետ Ն. Փաշինյանի՝ այդ օրերին ինչպես ԱԺ ամբիոնից, այնպես էլ տարբեր ձևաչափերով արված բացառիկ կարևորության հայտարարությունը, որն է՝ Ադրբեջանը Արցախի վրա հարձակումը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ:
Եթե Ն. Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, համաձայնեք, որ քառօրյա պատերազմը ամբողջությամբ փոխում է իր բնույթը, բովանդակությունն ու ձևաչափը: Այդ դեպքում Ազգային Ժողովը պարտավոր է առնվազն քաղաքական գնահատական տալ մեր ռազմավարական դաշնակցի՝ չափազանց վտանգավոր և դավադիր գործունեությանը:
Միաժամանակ, կարծում եմ, եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ Ն. Փաշինյանը միտումնավոր կեղծ և վտանգավոր բովանդակությամբ հայտարարություններ է տարածել՝ ինչ-ինչ քաղաքական նպատակներից ելնելով, ապա Ազգային Ժողովը, պարտավոր է նույնքան սկզբունքային գնահատական տալ վարչապետ Ն. Փաշինյանի՝ պետության անվտանգությանը սպառնացող քաղաքական վարքագծին:
Հավատացեք, պարոն Միրզոյան, եթե հանձնաժողովն այս կարևորագույն հարցին նախապես չտվեց առարկայական և համոզիչ պատասխան, ինչպես ես, այնպես էլ, կարծում եմ, շատերը կմնան այն համոզմունքին, որ հանձնաժողովը ստեղծվել է բացառապես ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակներով, ինչն ավելի կանջրպետի առանց այն էլ «սիրով և համերաշխությամբ» պրկված հասարակությանը»: