կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 13:20
Քաղաքական

Եթե մեր կոորդինացված աշխատանքն ավելի վաղ տարվեր, հակահայկական զեկույցներ գուցե չլինեին. Ռուբեն Հակոբյան

Եթե մեր կոորդինացված աշխատանքն ավելի վաղ տարվեր, հակահայկական զեկույցներ գուցե չլինեին. Ռուբեն Հակոբյան

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ նիստի օրակարգում հայտնված երկու հակահայկական զեկույցներին, մեր պատվիրակության աշխատանքին:

Հակոբյանի խոսքով`այս թեմայի վերաբերյալ գնահատականներ հնչեցրեցին նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր թեմայից անտեղյակ էին: «Վերջին ամիսների ընթացքում հայկական կողմը լավ, ճիշտ աշխատեց: Բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հեղինակած զեկույցն ավելի վտանգավոր էր, և հենց դա էլ չանցավ: Հայկական կողմը կարողացավ ճիշտ կոորդինացնել իր ռեսուրսները: Լոբբինգը ճիշտ օգտագործվեց, Հայ դատի գրասենյակներն ու ուրիշ կառույցներ իրենց մասնակցությունն ունեցան»,- ասաց նա` հավելելով, որ Մինսկի խումբն էլ հայտարարությամբ հանդես եկավ:

«Մինսկի խումբը գիտակցում էր, որ սա ապտակ էր իրեն, և եթե ավելի շատ աշխատեին, մյուս բանաձևն էլ կարող էր չանցնել»,-ընդգծեց պատգամավորը և նշեց, որ հակահայկական զեկույցներից մեկի չանցնելը լավ աշխատանքի արդյունք էր, սակայն, եթե այդ կոորդինացված աշխատանքն ավելի վաղ տարվեր, նմանատիպ զեկույցներ գուցե չլինեին:

Անդրադառնալով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին և դրա ընդունման հետևանքներին` Հակոբյանն ընդգծեց, որ Ղարաբաղի իշխանությունները շատ բացահայտ արտահայտել են իրենց մոտեցումը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ և ասել, որ պատրաստ են բանակցել: Այդ դեպքում, ըստ նրա, ադրբեջանական կողմը բանակցության մեջ կմտնի Ղարաբաղի հետ: Պատգամավորը հավելեց, որ կարելի էր նաև հակընդդեմ ծրագիր մշակել:

Հակոբյանը խոսեց նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի մասին և հայտարարեց, որ այն ամենալարված ու հետաքրքիր նստաշրջաններից է լինելու:

Yerkir.am-ի հարցին, թե ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացին ի՞նչ մասնակցություն է ունենալու և ի՞նչ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ անձամբ առաջարկներ անելու է, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն դեռ չի ուզում մանրամասներ ներկայացնել: