Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Օրենքի նախագիծը խորհրդարան է եկել ու քննարկվել սահմանված ընթացակարգերի խախտմամբ։ Պետաիրավական հանձնաժողովը պետք է նիստ գումարեր, սակայն հասկացավ, որ կառավարությունն ուշացած օրենք է բերել։ Ավելին ասեմ՝ այդտեղ չկա որևէ մեկը, որ հետևի, ու մենք տվյալ իրավիճակում չհայտնվենք: Օրենքի գործունեության ժամկետը լրանում է, պետք է մեկ ամիս շուտ բերեն, ու մենք հանգիստ քննարկենք, մեր մտահոգությունները ներկայացնենք: Սա նաև ուղերձ է կառավարությանը, որ ինչ-որ մեկին հորդորի, հանձնարարի, որ օրենքների ժամկետներին հետևեն, ոչ թե բերեն ու 24-ժամյա ռեժիմով մեզ օրենք ընդունել տան»,- ասաց նա:
Մարուքյանին արձագանքեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Վլադիմիր Վարդանյանը։ Նա հստակեցրեց` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ չի գումարել, որովհետև այդ դեպքում չէր ապահովվի ԱԺ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ ներկայացնելու ընթացակարգը։ «Ինչպես նաև նիստի ընթացքում հայտարարություն է եղել առ այն, որ բոլոր խորհրդարանական ուժերը, որոնք ներկայացված են հանձնաժողովում, հրավիրվում են աշխատանքային քննարկում կազմակերպելու այս հարցի վերաբերյալ, և ԼՀԿ ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը ներկա է եղել այդ քննարկմանը: Օրինագծի չընդունման հետ կապված որևէ բովանդակային պատճառ չկա, իսկ չընդունումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»,- ասաց նա։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նույնպես չհերքեց, որ ինքը քննարկմանը մասնակցել է. «Ավելին` 2 անգամ է քննարկում եղել, սակայն խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքի խախտման մասին է»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան էլ հորդորեց կոնկրետ նշել, թե ԱԺ կանոնակարգ-օրենքի ո՞ր դրույթն է խախտվել, նաև հավելեց, որ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել։
Հարցը դրվեց քվեարկության և 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց ձայների՝ 92 կողմ, 15 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։