կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 12:20
Քաղաքական

«ԱԺ կանոնակարգ» նոր օրենքը կարող է ընդունվել մինչև հաջորդ գումարման ԱԺ

«ԱԺ կանոնակարգ» նոր օրենքը կարող է ընդունվել մինչև հաջորդ գումարման ԱԺ

Սահմանադրական փոփոխությունների պահանջն է՝ սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանում ընդունել նոր Ընտրական օրենսգիրք և մշակել «ԱԺ կանոնակարգ» նոր օրենք: Եվ եթե Ընտրական օրենսգրքի համար հստակ ժամկետ է սահմանված` այն պետք է ընդունվի մինչև հունիս, իսկ «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի համար ժամկետ սահմանված չէ: Ուստի հապճեպության խնդիր չկա, ժամանակ կա մինչև 2017-ը, և նոր օրենքը կարող է ընդունվել մինչև հաջորդ գումարման ԱԺ-ն:

 Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագիծն ընդունելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ներքո: Աշխատանքային խմբում միայն ԱԺ փորձագետներն ու մասնագետներն են, և նախագծի  նախնական տարբերակը մշակելուց հետո քննարկում կլինի բոլոր շահագրգիռ  մարդկանց, կազմակերպությունների հետ:

«ԱԺ կանոնակարգ-օրենքը վերաբերում է բացառապես ԱԺ-ին: Կարծում եմ, որ, նոր Սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքներից ելնելով, մենք պետք է ունենանք նոր ԱԺ կանոնակարգ, որն այն կարևորագույն օրենքներից պետք է լինի, որը կարգավորելու է նոր իրավահարաբերությունները՝ կապված խորհրդարանական կառավարման ձևի հետ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե արդյո՞ք փոփոխություններն ակնառու կլինեն, նա պատասխանեց, որ, բնականաբար, մեծ փոփոխություններ են նախատեսվում նոր օրենքում, քանի որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանն ունենալու է բոլորովին նոր դերակատարում, իրավունքներ ու պարտականություններ: