կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-05 19:40
Արցախ

ConiFA-2019-ի մասնակիցների համար կազմակերպվել է էքսկուրսիա. նրանք տպավորված են Արցախով

ConiFA-2019-ի մասնակիցների համար կազմակերպվել է էքսկուրսիա. նրանք տպավորված են Արցախով

Այսօր՝ հունիսի 5-ին, ConiFA Sportsbet.io European Football Cup 2019-ի ծրագրի շրջանակներում առաջնության ղեկավարության, մրցավարների և ֆուտբոլային թիմերի համար Շուշիիում կազմակերպվել է էքսկուրսիա և մշակութային միջոցառում:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառման  մասնակիցներն  այցելել  են   Շուշիի կերպարվեստի  և  հայկական դրամի    թանգարան, այնուհետև   եղել  են  Կատարոտում  (Ջդրդուզ), որից  հետո  բերդաքաղաքի    թթենիների  այգում  հյուրերի  համար  կազմակերպվել  է   ավանդական հյուրասիրություն:Ներկաներին  ոգևորել  են  «Տնջրե» ավանդական  երգի  ու  պարի  համույթի   անդամները, որոնց  միացել  են  նաև  հյուրերը:

Ներկաներին    ողջունել  է  ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի Մարտիրոսյանը: Նա  ասել  է, որ  ԱՀ  կառավարության ներկայացուցիչները   կարևորում  են  ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության անցկացումն Արցախում, որին  էլ   ըստ  արժանվույն են  պատրաստվել:
Խոսելով   ֆուտբոլային  խաղերի  մասին՝  պետնախարարն  ասել է, որ Արցախի   ֆուտբոլասերներն  այս  օրերին  ունեցել  են  անմոռանալի  հիշողություններ, որն  էլ  առաջին  հերթին  իրականացվել է  ֆուտբոլիստների  ցուցադրած  գեղեցիկ ու  հետաքրքիր   խաղերի  շնորհիվ:Դիմելով   հյուրերին՝  Գ. Մարտիրոսյանը  մասնավորապես  ասել է. «Ուզում  եմ  հավաստիացնել, որ  այս օրերի  ընթացքում    դուք   հասցրել  եք   ծանոթանալ   Արցախի դարավոր  պատմության, մշակույթին և  հրաշալի  բնության    ընդամենը  մի  փոքր  մասին, հետևաբար,  մենք   Ձեզ  նորից   կսպասենք  Արցախում»:

Պադանիայի  թիմի  մարզիկ  Անդրեա Ռոտեն՝ խոսելով  Արցախից  ստացած  իր   տպավորությունների  մասին,  մեզ  հետ  զրույցում   ասել է, որ   երբ ինքը  թիմակիցների հետ  այցելել  է  Արցախ,  հենց    առաջին  պահից  հասկացել  է,  թե   ինչ   հրաշալի երկիր  է, ուր ապրում  են   բարի,  ժպտերես  ու  հյուրասեր մարդիկ:
«Խաղերի  ժամանակ  մենք  զգացել  ենք, թե    արցախցիներն  ինչպես  են  ոգևորում   մեր  թիմին՝  վանկարկելով՝  «Պա-դա-նի-ա», բարձրացնում    և   ծածանում  մեր երկրի   դրոշը, որն  անկասկած  հպարտանալու  առիթ  է  տվել մեզնից  յուրաքնչյուրին: Պետք  է    ասեմ  նաև, որ  ConiFA- 2019-ի կամավորականների   հետ  աշխատանքը   շատ  հարթ  է  անցնում,   նրանք  պատրաստակամ  են  մեզ օգնելու  ցանկացած   հարցում»,-ավելացրել  է Անդրեա Ռոտեն:
 
Չամերիայի   թիմի   անդամ  Ֆելիքս Ծանեն  առաջին  անգամ  է  Արցախում,  և  անչափ     տպավորված է:
Նա  մասնավորապես  ասել է, որ  ինքն  Արցախում  տեսնում  է   բարի  ու  կամեցող    մարդկանց, ովքեր   միայն  ժպիտով  են  դիմավորում  հյուրերին  ու  ջերմագին բարևում  փողոցներում: Նա  ընդգծել  է, որ իրենք  Արցախում   զգում են  հանգիստ, ազատ և ապահով:
Ֆելիքս Ծանեի   խոսքով՝   էքսկուրսիայի    ընթացքում   իրենք  կարողացան  ինչ-որ   չափով   ծանոթանալ  արցախյան  մշակույթին, Արցախի   պատմությանը  և  այլն: Միջոցառմանը  ներկա   էին  նաև ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, պետական  այրեր, հյուրեր, լրագրողներ: