Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու հարցով քննիչ հանձնաժողովի անդրանիկ փակ նիստից հետո ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ նաև նորաստեղծ հանձնաժողովի նախագահն է, պատասխանեց լրագրողների հարցերին:
Ասաց, թե արդեն իսկ նախնական պատկերացում կա` ովքեր կարող են հրավիրվել հանձնաժողով, որ տեղեկատվություն տան: «Նրանք և՛ նախկին, և՛ ներկայիս պաշտոնյաներ կարող են լինել: Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկություններ: Իրավական առումով` գուցե շատերը կարող են օգտվել իրենց իրավունքից և ասել՝ չենք գալիս: Բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկն իրավունք չունի շրջանցելու առկա հարցերն ու տեղեկատվությունը չփոխանցելու հանձնաժողովին: Այդպես լինել չի կարող»,- նշեց Քոչարյանը` համոզմունք հայտնելով` բոլորն էլ արդյունավետ կհամագործակցեն հանձնաժողովի հետ:
«Բարոյականից բացի, կա՞ այլ լծակ, որ նախկին պաշտոնյաները գան ու տեղեկություններ հաղորդեն»,- հարցրեցին լրագրողները:
Հանձնաժողովի նախագահը պատասխանեց` նաև լրագրողներն են իր լծակները: «Իհարկե, կարող են հրաժարվել, դա իրենց իրավունքն է: Հանձնաժողովն այդ դեպքում կգնահատի հրաժարվելու պատճառները, այսինքն` նրանք չե՞ն ուզում, որ մենք մոտենանք ինչ-որ տեղեկությունների, եթե դրանք կան: 100-ից ավելի զոհ ենք ունեցել, այդտեղ մեղավորներ չկա՞ն»,- հարցին հարցով պատասխանեց պատգամավորը` ավելացնելով. «Հանդիպելու ենք նաև ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հարազատների հետ: Նրանք գալու են հանձնաժողով, որովհետեւ մի հսկա տեղեկատվության կրող նաև նրանք են: Բաներ կան` նրանց միջոցով էլ պետք է հասկանանք: Զոհերի հարազատներն ու նրանց ծառայակից ընկերները մեր ուսումնասիրությունների հիմնական շրջանակում են լինելու»: