Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ներկայացրեց Հռոմի պապի այցի ժամանակ լրագրողների աշխատանքների տեխնիկական ու բովանդակային մանրամասները: Դրանցից պարզ է դառնում, որ լրագրողների տեղաշարժը խիստ սահմանափակված է լինելու` անվտանգության, կազմակերպական և այլ նկատառումներից ելնելով:
Մասնավորապես` օդանավակայանում դիմավորման մասով` նախագահի աշխատակազմը հավատարմագրել է միայն մի քանի հեռուստաընկերությւոնների, որոնք կարող են ներկա գտնվել այդ արարողությանը: Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների լուսաբանմանը, ապա Էջմիածնում, Խոր Վիրապում, Գյումրիում և Հանրապետության հրապարակում մշտապես ներկա կարող են գտնվել միայն անձնական լուսանկարիչներն ու օպերատորները: ԶԼՄ-ների օպերատորները և լուսանկարիչները կկազմեն 10-15 հոգանոց խմբեր, որոնց կթույլատրվի 20-25 րոպեով աշխատել զանգվածային միջոցառման տեղում: Դրա համար նրանք նախապես պետք է գրանցվեն ԱԳՆ աշխատակիցների ցուցակում:
Բոլոր միջոցառումներն ուղիղ հեռարձակվելու են: Մամուլի սրահներում ժամանակ առ ժամանակ կազմակերպվելու են բրիֆինգներ: «Էլիտ պլազա»-ում գործող մամուլի սրահում այսօր` 20:30-ին, կկայանա Հռոմի պապի մամլո ծառայության ղեկավարի մամուլի ասուլիսը, նրա բրիֆինգները կլինեն նաև, համապատասխանաբար, Էջմիածնում ու Գյումրիում` միջոցառումներից հետո:
Վատիկանից եկող պատվիրակության կազմը շատ ներկայացուցչական է: 83 արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ են է գալիս:
Նախագահի նստավայր լրատվամիջոցների մուտքը ևս խիստ սահմանափակ է, կամ ընդհանրապես մուտք չի լինի լրագրողների համար:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք վաղը Գյումրի տանող ճանապարհը փակ է լինելու, Տիգրան Բալայանը պատասխանեց, որ Երևան քաղաքի որոշ ճանապարհներ փակ են լինելու, սակայն այնպես չէ, որ Գյումրի տանող ճանապարհը փակ է լինելու: Իսկ թե ինչո՞ւ չեն կազմակերպում լրագրողների տեղաշարժը Երևանից Գյումրի, Բալայանը պատասխանեց, որ նկատառումը մեկն է` չեն հասցնի լրագրողներին Գյումրիից Երևան հասցնել, որովհետև Հռոմի պապն ինքնաթիռով է Գյումրիից վերադառնալու Երևան:
Ծիծեռնակաբերդ մուտքը ևս սահմանափակ է. այնտեղ կարող են աշխատել միայն լուսանկարիչներն ու օպերատորները` հատուկ սահմանված տեղից, այսինքն` տեղաշարժվել չի թույլատրվելու:
Լրատվամիջոցները մասսայական միջոցառումներին 20 րոպեով ներկա լինելու համար 3 ժամ շուտ պետք է հերթագրվեն և ապահովեն անվտանգության համար նախատեսված պայմանները: