Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական կողմը օտարերկրյա մամուլի ազդեցության դաշտում ակտիվ աշխատելու անհրաժեշտություն ունի, հատկապես` երբ Ադրբեջանն այս դաշտում աշխատանքները հստակ կոորդինացնում է արտգործնախարարության և դեսպանությունների միջոցով. գումարով գնում են լրատվամիջոցներ և իրենց ցանկացած տեղեկությունը տարածում դրսում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանի դեպքում հիմնականում այս սխեման է աշխատում, մեր դեպքում այդ դիրքերն ավելի թույլ են, այսինքն՝ մենք ավելի պասիվ ենք աշխատում դրսում, որովհետև չունենք նրանց նման ֆինանսական միջոցներ, բայց, ի տարբերություն նրանց, ունենք Սփյուռք և հայեր, որոնք աշխատում են տարբեր լրատվամիջոցներում: Կան նաև լրատվամիջոցներ, որոնք հետաքրքրված են մեզնով, մեր մասին ինֆորմացիա տարածելու հարցով: Պետք է փորձել ակտիվորեն դրսում մեզ ցանկալի տեղեկությունը տարածել։ Շատ կարևոր է, թե ինչ պատկեր ես քո մասին ստեղծում արտերկրում։ Ադրբեջանը Հայաստանի շուրջ փորձում է ստեղծել ագրեսորի պատկեր, թեև ինքն է ագրեսիվ քաղաքականություն վարում։ Իրականում՝ հայկական կողմն ավելի լավ դիրքերում է, քան ադրբեջանականը, որովհետև ավելի շատ քեյսեր կան Ադրբեջանի դեմ՝ ագրեսիվ հռետորաբանության, մարդու իրավունքների խախտումների մասով, այդ թվում՝ երկրի ղեկավարի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով: Այս ամենը պետք է փորձենք արդյունավետ կերպով տեղ հասցնել միջազգային լրատվամիջոցների միջոցով»,- նշեց փորձագետը։
Ըստ նրա՝ շատ գործ ունենք անելու նաև մեր մամուլում. Ադրբեջանում 2014-ի օգոստոսից հետո իրավական ակտերով արգելվում է առաջնագծի մասին ինֆորմացիա տեղադրել, մեզ մոտ մամուլն անհամեմատ ավելի ազատ է եղել այդ առումով: «Մեր կայքերում կարող ենք հանդիպել Ադրբեջանի պաշտպանության կամ արտգործնախարարության հայտարարության ուղղակի թարգմանության՝ առանց որևէ բացատրության, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ թշնամու քարոզչության վերահեռարձակում, տարածում ՀՀ-ի ներսում: Առհասարակ, մենք խնդիր ունենք այս նուրբ թեմաների շուրջ մասնագիտացված լրագրողների, որոնք տիրապետում են հակամարտության պատմությանը, Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին և ֆիլտրում են այդ ինֆորմացիան: Այսինքն՝ ոչ թե պետությունն է կոշտ ցենզուրա սահմանում, այլ լրագրողներն իրենք են գիտական հիմքերով ֆիլտրում այդ ինֆորմացիան և հայկական հանրությանը հասցնում այն տեղեկությունը, որը պիտի ստանա հայկական հանրությունը՝ հայկական օրակարգով, ոչ թե ադրբեջանական»,- նշեց Հովհաննիսյանը:
Այս համատեքստում ադրբեջանագետը հիշեցրեց, որ մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվություն կար առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը: Արցախի ՊԲ-ն դա հերքեց:
«Տեղեկությունը տարածեցին այն օրը, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին նրանց մոտ, այն տեղ գտավ նաև համատեղ հայտարարությունում, Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրիչ բովանդակությամբ հայտարարություն տարածեց, այսինքն՝ փորձեցին ընդհանուր ֆոն ստեղծել, որ հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, իսկ հունիսի 1-ին Ադրբեջանը դիմեց սադրանքի, որի հետևանքով ՊԲ զինծառայող մահացավ: Եվ երբ ՀՀ ԱԳՆ-ն կոշտ հայտարարություն տարածեց, դրան հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը, որից կարելի էր ենթադրել՝ լավ ենք արել, մինչև ձեր զորքերը դուրս չբերեք, մենք կշարունակենք մեզ այսպես պահել: Դրսի տեսանկյունից և՛ մեր հայտարարությունն է հայտարարություն, և՛ Ադրբեջանինը: Այսինքն՝ հնչում են փոխադարձ մեղադրանքներ՝ հրադադարի խախտումների հետ կապված: Մենք ուժեղ մի կետ ունենք, որ Ադրբեջանն է անընդհատ հրաժարվում հետաքննության մեխանիզմների տեղադրումից»,- շեշտեց Տարոն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ավելի ուշ ադրբեջանական մամուլում հայտարարություն շրջանառվեց, թե սպանված զինծառայողը ոչ թե շարքային է, այլ մայոր: «Մի բան է, երբ առաջնագծում, նրանց պնդմամբ, դիպուկահարի կրակոցից շարքային զինծառայող է սպանվում, այլ բան` երբ մայոր, գումարտակի հրամանատար: Ավելին` այս դեպքում արդեն նրանք տարածեցին, թե մայորը սպանվել է գումարտակի վարժանքների ժամանակ: Չեմ կարծում, թե գումարտակը վարժանքներն առաջնագծում էին անցկացնում: Ավելի հավանական է, որ դա նրանց ներքին խնդիրն է»,- ամփոփեց ադրբեջանագետը: