կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 16:59
Աշխարհ

Ֆիլիպիններն աղբը հետ է ուղարկել Կանադա. դիվանագիտական վեճ

Ֆիլիպիններն աղբը հետ է ուղարկել Կանադա. դիվանագիտական վեճ

Ֆիլիպինների իշխանություններն Օտտավայի հետ երկարատև դիվանագիտական վեճի հետևանքով տոննաներով աղբ են հետ ուղարկել Կանադա. գրում է BBC-ն:

Երկու երկրների միջև վեճը մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում էր: Դրա ընթացքում Ֆիլիպինների նախագահն անգամ սպառնացել էր աղբի հսկայական թափոնները Կանադայի ափերին մոտ նետել:

Երկու երկրների միջև խնդիրները սկսվել են դեռևս 2014թ.-ից, երբ Կանադայից ստացված և Մանիլայի նավահանգիստ հասած աղբը, որը որակվել էր որպես վերամշակման ենթակա պլաստմասսայե թափոն, հետագայում պարզվել էր` իրականում կենցաղային աղբ է: 2016թ.-ին Ֆիլիպինների դատարանը որոշել էր 1500 տոննա թափոնները ետ ուղարկել Կանադա: Կանադական աղբի պատճառով վերջերս Մանիլան անգամ հետ է կանչել Օտտավայում իր արտակարգ ու լիազոր դեսպանին, քանի որ Կանադայի իշխանությունները չեն կարողացել սահմանված ժամկետներում հետ վերցնել աղբը:

Լրատվամիջոցը նաև մանրամասնում է, որ վերջին տարիներին արևելյան զարգացող երկրները հաճախ են բողոքում՝ հայտարարություններ տարածելով, որ արևմտյան զարգացած երկրներից այնտեղ ուղարկվող աղբը վերամշակման ենթակա չէ: