կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 18:18
Առանց Կատեգորիա

Ցույցերից գործի անցնելու ժամանակն է

Ցույցերից գործի անցնելու ժամանակն է

Իմքայլականներն այս օրերին ամեն կերպ փորձում են արդարացնել ՀՀ վարչապետի կոչով դատարանները շրջափակելու հակասահմանադրական գործողությունները, որոնք արժանի գնահատական ստացան թե' իրավաբանների, թե' տարբեր քաղաքական ուժերի և թե' առողջ մտածողությամբ առաջնորդվող հասարակական շրջանակների կողմից: Ընդհուպ` «Իմ քայլը» դաշինքում ևս եղան տարաձայնություններ այս կապակցությամբ, սակայն բարձրաձայնել դրանց մասին ոչ ոք չհամարձակվեց: Ինչևէ, կանգնած ենք կատարված փաստի առաջ, որի համար մեզ հանդիմանում են բոլոր կողմերից` Եվրախորհրդարանից մինչև իրավունքի միջազգային կազմակերպություններ:

«Իմ քայլից» առանձին խորհրդարանականներ, այսուհանդերձ, դեռ փորձում են դատարանների շրջափակումը ներկայացնել որպես ժողովրդական ինքնաբուխ գործողություն` նշելով, թե Հայաստանում ժողովրդի իշխանություն է, և ժողովուրդն է որոշում` ինչը շրջափակի և ինչը չշրջափակի: Նրանք, ըստ էության, երբ իրենց այդպես է ձեռնտու, «մոռանում» են, որ Հայաստանի Հանրապետությունը նախևառաջ իրավական պետություն է, որտեղ գործում են օրենքներ, այդ թվում` նաև ժողովրդի իրավունքների մասին: Առանց այդ օրենքների, սա ոզնուն էլ է հասկանալի, երկիրը մի քանի օրում կարող է վերածվել արևելյան բազարի, որտեղ գերակա են բոլորովին այլ շահեր, քան պետական շահն է:

Որևէ օրենքով ժողովուրդն իրավունք չունի արգելափակելու երկրում արդարադատություն իրականացնող հաստատությունները, այդ թվում` և դատարանը, որ բոլոր օրենքներով անկախ մարմին է, պետության մեջ երրորդ իշխանություն` օրենսդիրից և գործադիրից հետո: Մեր դեպքում դատարանների աշխատանքի արգելափակումը տեղի է ունեցել վարչապետի կոչով, ինչն ավելի մտահոգիչ է, որովհետև այլևս երաշխիքներ չկան, որ ամեն առիթով ժողովրդին չեն տանելու այլ հաստատություններ շրջափակելու:

Սահմանադրական դատարանն արդեն իսկ հայտարարել է, որ 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորների ընդունած օրենքը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, հետևաբար` այդ կապակցությամբ  նույն օրը Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հանրահավաքն ու «ժողովրդի գրոհը» ԱԺ-ի վրա, մեղմ ասած, չէին բխում մեր Սահմանադրությունից և մեր իրավական պետության շահերից: Արժե՞ կրկին հիշեցնել, թե ԱԺ-ն շրջափակելու, պատգամավորների վրա ճնշումներ գործադրելու կոչերն ով էր հնչեցնում այդ օրը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հարցազրույցներից մեկում դատարանների աշխատանքի արգելափակումը որակեց որպես ակցիա, որն արել է ժողովուրդը: Ըստ նրա` այդպիսի ակցիաներ լինում են հեղափոխությունների ժամանակ: Պարոն Սիմոնյանը, սակայն, մոռանում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ տարի է, ինչ ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը և այդ ընթացքում պետք է հրաժեշտ տված լիներ «դաշտային հրամանատարներին» հատուկ այս գործելաոճին: Լրագրողի հարցին, թե` Դուք իրավական տեսանկյունից ճի՞շտ եք համարում ժողովրդին դատարանները արգելափակելու կոչ անելը, Սիմոնյանը պատասխանում է` գնացեք, Փաշինյանին հարցրեք, ես այդպիսի կոչ չեմ արել:

Պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին` ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արթուր Վաղարշյանը հստակ հայտարարեց, որ ժողովրդի իշխանություն` չի նշանակում, որ ժողովուրդը կարող է արգելափակել Ազգային ժողովը և չթողնել, որ այնտեղից որևէ մեկը դուրս գա: Ըստ թեկնածուի` ժողովուրդը կարող է հանրագրի ինստիտուտին դիմել. «Ամեն ինչ պետք է դրվի կարգի մեջ, ժողովուրդը պետք է ճնշում գործադրի օրենքի սահմաններում, իսկ օրենքը բոլորիս համար պետք է լինի հավասար: Ժողովուրդը դատարաններն արգելափակելու իրավունք չունի»: Կարծում ենք` այս հասարակ բանը գիտեին նաև ՀՀ ոստիկանությունում, բայց, չգիտես` ինչու, այդ մասին դատարանների մուտքերի մոտ հավաքված մարդկանց խմբերին տեղեկացնելու փոխարեն դատավորներին ու փաստաբաններին էին հորդորում ներս չմտնել, ավելին` կանգնել մուտքերից հեռու, որովհետև, ասացեք խնդրեմ,  «ժողովուրդն այդպես է ուզում»:

Միով բանիվ մենք դատարանների մուտքերի մոտ ժողովուրդ էլ չտեսանք, և իսկապես դժվար է ասել, որ ժողովուրդն արձագանքեց Փաշինյանի կոչին ու մի քանի ժամով խաթարեց դատարանների աշխատանքները: Դրանք ծանոթ ու անծանոթ ակտիվիստների խմբեր էին, որոնց «աշխատանքները» դատարանների մուտքերի մոտ համակարգում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու առանձին պաշտոնյաներ կառավարությունից: Ավելի ուշ` մայիսի 25-ին, մենք տեսանք նաև այդ ակտիվիստների հանրահավաքը Ազատության հրապարակում, որ կազմակերպվել էր հանուն Հայաստանում արդարադատության վերականգնման և ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Հավանաբար, մեծ էր ցանկությունը դատարանների շրջափակումն արդարացնելու և դա որպես Փաշինյանի ձեռնարկած «ճարահատ» քայլ ներկայացնելու, բայց, ավաղ, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և պազվեց, որ ՀՀ իշխանություններին սատարող ակտիվիստները որևէ կապ չունեն ժողովրդի հետ:

Ժողովուրդն ասում է` չկա չարիք, առանց բարիքի: Մենք հույս ունենք, որ ՀՀ իշխանությունների` 2018թ. հոկտեմբերի 2-ի և 2019թ. մայիսի 20-ի` միանգամայն անտեղի և հակաօրինական գործողություններին տրված գնահատականներն ու «արժևորումները» կնպաստեն, որ «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն» ասվածը թևակոխի իր ամենակարևոր` լրջանալու փուլը, իսկ հեղափոխական տարերքից ոչ մի կերպ չձերբազատվող մեր հեղափոխականներն էլ այսուհետ խուսափեն ժողովրդի անունից հակաօրինական քայլեր անելուց: Եթե նրանք շատ են ցանկանում լինել ժողովրդի հետ ու գործել ժողովրդի համար, ապա, խնդրեմ, Երևանում ամենօրյա ռեժիմով ցույց ու միտինգ է անում ժողովուրդը` մեկը պահանջում է աշխատատեղերը չփակել, մյուսն իր իրավունքներն է պաշտպանում, երրորդը դեմ է Հայաստան ներմուծվող օտարոտի բարքերին, չորրորդին իր ապագան է մտահոգել… Գնացեք, առաջնորդեք այդ մարդկանց, նրանց հարցերը լուծեք:

Էդիկ Անդրեասյան