կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 18:10
Տարածաշրջան

Իրանն ահազանգել է տարածաշրջանում ընթացող սադրիչ գործողությունների մասին

Իրանն ահազանգել է տարածաշրջանում ընթացող սադրիչ գործողությունների մասին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին ահազանգել է Պարսից ծոցում եւ տարածաշրջանում ընթացող մտահոգիչ զարգացումների մասին: Այս մասին նա գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ներկա պահին կան ազդանշաններ, որ արտատարածաշրջանային որոշակի շրջանակներ իրականությանը չհամապատասխանող, կեղծ եւ սադրիչ տեղեկատվության տարածումով, Մերձավոր Արեւելքում իրենց դաշնակիցների աջակցության եւ տարածաշրջան ռազմածովային ուժեր գործուղելու միջոցով ձգտում են հետապնդել իրենց անօրինական շահերը:

Նրանց նպատակը՝ տարածաշրջանի երկրների միջեւ տարաձայնության խորացումը, փոխադարձ վստահության կրճատումը եւ լարվածության սրացումն է: Եթե այս իրավիճակը չկանխվի, ապա այն վաղ, թե ուշ, կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ նոր ճգնաժամի պատճառ դառնալ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս զգուշացրել է այդ շրջանակների սադրիչ մտադրությունների եւ դրանց տարածաշրջանային եւ միջազգային հետեւանքների մասին»,- գրել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ Իրանը մշտապես մերժել է հակամարտությունն ու պատերազմը որպես իր արտաքին քաղաքականության նպատակները հետապնդելու տարբերակ կամ ռազմավարություն:

«Այդուհանդերձ, պետք է հստակ նշեմ, որ եթե մեզ պատերազմ պարտադրվի, ապա Իրանը, օգտագործելով պաշտպանվելու իր բնական իրավունքը, վճռակամորեն կպաշտպանի իր ժողովրդի եւ պետության շահերը»,- ընդգծել է Թախթ Ռավանչին: