կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 13:27
Քաղաքական

Ձրի բան միշիլովկայում ա լինում մենակ. Վարդան Այվազյան

Ձրի բան միշիլովկայում ա լինում մենակ. Վարդան Այվազյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀԾԿՀ մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Առաջարկվում է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարման, աղբահանության և այլ պարտադիր վճարների վերաբերյալ ծանուցումը հունիսի 1-ից տրամադրել գրավոր ձևով` էլեկտրոնային հասցեին, փոստին կամ հեռախոսին: Նաև առաջարկվում է առանց քաղաքացու ներկայության չբացել հաշվիչները: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ Հրանտ Բագրատյանի ներկայացրած առաջարկներից երկուսը կարգավորված են:

 

Հրանտ Բագրատյանն արձագանքեց, որ եթե կարգավորված են այդ հարցերը, ապա թող դա մտցնեն օրենքի մեջ, և այդ կարգավորումները օրենքով լինեն, քանի որ խոսքը քաղաքացուն մատուցված ծաայությունների մասին է:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ հանրային ծառայությունները կարգավորող մարմինները պետք է ծառայություններ մատուցեն ոչ թե միայն ի շահ մատակարարողի, այլ նաև ի շահ սպառողի:

 

«Ոչ թե ես որոշեմ` դիմում գրեմ, թե` չէ, որ ինձ տեղեկատվություն ուղարկեն էլեկտրոնային փոստով, այլ պատշաճ ձևով տեղեկատվություն մատուցվի: Ցավոք, վատ պրակտիկա ունենք, երբ էլեկտրիկը գալիս է, նայում ցուցմունքները, բայց ոչ մեկը չի գալիս քաղաքացուն տեղեկացնում, որ բացում է հաշվիչը` թող գան, իրենց ներկայությամբ լինի, իսկ քաղաքացիները գնում են փոստ, իմանում կոմունալ տվյալները և այլն: Ես առաջարկում եմ մոտեցումը փոխել, արդյո՞ք ժամանակը չէ, որ սպառողների շահերով առաջնորդվեն, ոչ թե` մատակարարների շահերից ելնելով»,- ասաց Թևան Պողոսյանը:

 

Նա նաև հարցրեց Ռոբերտ Նազարյանին, որ եթե փոստով տեղեկատվություն մատուցելը վճարովի է, ուրեմն ի՞նչ գումարի մասին է խոսքը: Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ դա հեշտ է հաշվել, գոյություն ունի մեկ միլիոն տասը հազար հատ հաշվիչ, փոստային ծառայությունների համար 100 դրամ են պահում, ուրեմն` պետք է բազմապատկել հաշվիչների թվին, ստացվում է երկու միլիարդ դրամ` մեկ տարվա կտրվածքով:

 

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նշեց, որ փոստային ծառայությունները չեն կարող անվճար լինել, ուստի դա կազդի էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագնի վրա:

 

Հրանտ Բագրատյանը համաձայն չէր այդ կարծիքին, նա պնդում էր, որ դա ծախս չի պահանջում:

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց Հրանտ Բագրատյանին` հանել իր հեղինակած նախագիծը` պատճառաբանելով, որ պատգամավորի առաջարկների մեծ մասը կարգավորված է, մի մասն էլ կարելի է կարգավորել խմբագրական փոփոխությունների միջոցով, այսինքն` նոր կնքվող պայմանագրերում քաղաքացին լրացնի, թե ինչ ձևով պետք է իրեն տրամադրվի կոմունալ վճարների մասին տեղեկատվությունը: «Փոստային ծառայությունները վճարովի են, ձրի բան չկա, ձրի բան միշիլովկայում ա լինում մենակ»,- ասաց նա:

 

Հրանտ Բագրատյանը սկզբում համառեց` ասելով, որ չի պատրաստվում հանել նախագիծը, իսկ Ռոբերտ Նազարյանն էլ փորձում է խնդրի տակից դուրս գալ` ասելով, որ առաջարկը ընդունելու դեպքում դա կանդրադառնա սակագների վրա:

 

Բանավեճի արդյունքում որոշվեց փետրվարին կրկին անդրադառնալ այդ օրինագծին: