Շուշիի օպերացիան վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների համար: Շուշիում հաջողություն ունենալու պարագայում հաղթանակը ապահովված էր, քանի որ այն մեծ ոգևորություն կբերեր առաջին հերթին մարտիկներին և բնակչությանը: Մյուս կողմից, ձախողման պարագայում մենք կանգնելու էինք պարտության եզրին:
Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, «Արցախի հերոս» Սերժ Սարգսյանը:
Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այսօր` մայիսի 9-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր բազմաթիվ մարտական ընկերների, արցախցիների, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսյանին ուղեկցել է նաև թոռնիկը:
Երրորդ նախագահը այցելել է նաև Շուշի, ծաղիկներ խոնարհել իր մարտական ընկերոջ` Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: