կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-09 11:29
Հասարակություն

Մայիսյան տոները «Հաղթանակ» զբոսայգում նշվեցին զինվորական քայլերթով

Մայիսյան տոները «Հաղթանակ» զբոսայգում նշվեցին զինվորական քայլերթով

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրման տարեդարձը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեցին զինվորական քայլերթով: Վաղ առավոտյան «Հաղթանակ» զբոսայգի էին եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կառավարության, խորհրդարանի անդամներ, հասարակական գործիչներ, վետերաններ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց մայիսյան հաղթանակների առթիվ՝ նշելով, որ դրանցում իրենց դերակատարությունն են ունեցել ինչպես բանակը, այնպես էլ ժողովուրդները:

«Մեր հաղթանակներն առանձնահատուկ են, որովհետև դրանք մեր ազգային հաղթանակներն են: Եթե 100 տարի հետ գնանք և անդրադառնանք Սարդարապատի, Բաշ Ապարանի, Առաջին հանրապետությանը նախորդող հաղթանակներին, ապա կտեսնենք, որ դրանք ազգային հաղթանակներ են, որովհետև մարտնչում էր ոչ միայն հայոց բանակը, այլև ամբողջ ժողովուրդը: Ճիշտ նույնն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայաստանից 300 հազար մարդ գնաց ռազմաճակատ, 600 հազար Խորհրդային միությունից հայեր մեկնեցին, սակայն այդ հաղթանակին մասնակցում էր ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում՝ Սփյուռքը, երբ հսկայական գումարներ էր հավաքում` աջակցելու խորհրդային բանակին, որովհետև վտանգի տակ էր մեր պետականությունը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ նույնը եղավ Արցախյան ազատամարտի, ապրիլյան պատերազմի ժամանակ: Վտանգի պահին ամբողջ հայ ժողովուրդը համախմբվեց՝ թիրախը դարձնելով հաղթանակը:  

Զինվորական քայլերթից հետո, ավանդույթի համաձայն, վետերանների համար կազմակերպվեց նաև զինվորական վրանային ճաշ, որին մասնակցեցին նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: