կարևոր
81931 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-11 10:27
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ինտերին» եւ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ինտերին» եւ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը։

Ստամբուլում տեղի ունեցած եզրափակիչում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 1:0 հաշվով պարտության մատնեց Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին»:

Հենց սկզբից «Մանչեսթեր Սիթին» խլեց տարածքային եւ խաղային առավելությունը՝  59 տոկոս գնդակի վերահսկողությամբ։

Մանչեսթերյան թիմն առաջին խաղակեսում 2 հարված կատարեց «Ինտերի» դարպասին, սակայն վստահ խաղաց կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, որը հետ մղեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի հարվածները։

30-րդ րոպեին վնասվածք ստացավ Կեւին Դե Բրույնեն, որին փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

56-րդ րոպեին հարկադրված փոփոխություն կատարեց «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։ Վնասվածք ստացավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որին փոխարինեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլը խփեց 68-րդ րոպեին։ Պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոն։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր եւ 84-րդ րոպեին փոխարինեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայաստանցի ֆուտբոլիստը։

«Ինտերը» 3 անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, նախորդ անգամ՝ 2010 թվականին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։