կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 14:56
Քաղաքական

Եթե ԼՂՀ-ը դեռ միջազգայ­նորեն ճանաչված չէ, մի՞թե այնտեղ ապրող մարդկանց` մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա. Փաշինյան

Եթե ԼՂՀ-ը դեռ միջազգայ­նորեն ճանաչված չէ, մի՞թե այնտեղ ապրող մարդկանց` մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտու­թյունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար,  ինչպես ցանկացած ժողովրդավարական կառա­վարու­թյուն, Հայաստանի կառավարու­թյունը նվիրված է հարցի` բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Այս մասին Ստրասբուրգում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով  Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում:

Ըստ նրա՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարողացել է  բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված է, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: 

«Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:  Վերջերս Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով: Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեինք հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի: Նման խոսակցություն սկսել եմ ինքս անձամբ՝ մի քանի անգամ Հայաստանի խորհրդա­րանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Սա մեր իրականության մեջ աննախա­դեպ հայտարարություն է և ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնելու Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք, մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք: Պատահական չէ, որ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին: Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար: Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների և փաստաթղթերի հեղի­նակ­ները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե' Հայաստանի, թե' Լեռնային Ղարաբաղի, թե Ադրբեջանի համար: Այսօր էլ, ցավոք, ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցները աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտ­ների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հարկ համարեց ընդգծել, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ, և որ որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անելն առանց նրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու` նշանակում է  խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ:

«Սա է պատճառը, որ մենք համարել և համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակա­մարտու­թյան երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ամբողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից: Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության հարթակ ձևավորելու համար, և մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Ասվածն ամենևին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին: ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթեր­ցում­ներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայ­նորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց` մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտ­պանության համաշխարհային առաջա­մարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ Փաշինյանը եվրոպական բարձր ամբիոնից կոչ հղեց Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ: Նա հորդորեց աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապն­դելու մարդու իրավունքները, օրենքի գերա­կայու­թյունն ու անկախ դատական համակարգը, որից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը:

«Իսկ մարդն ավելին է, քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվեն հենց այս արժեքներով»,- ամփոփեց ՀՀ վարչապետը: