կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 15:35
Քաղաքական

Բանակցող կողմի ղեկավարը չի կարող խոսել կողմերի պարտվելու կամ հաղթանակելու մասին, սա համահունչ է Տեր-Պետրոսյանի ոճին. Կիրո Մանոյան

Բանակցող կողմի ղեկավարը չի կարող խոսել կողմերի պարտվելու կամ հաղթանակելու մասին, սա  համահունչ է Տեր-Պետրոսյանի ոճին. Կիրո Մանոյան

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին չպետք է մոռանալ, քանի որ դրանք հայկական կողմին որոշակի երաշխիքներ են տալիս և հնարավորություն` պարզելու, թե ով է հրադադարի խախտողը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ալիևը սկսեց սուտ խոսել, որ նման պայմանավորվածություն չի եղել, երբ այն եղել էր համանախագահող երկրների արտգործնախարարների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ, ուստի անհրաժեշտ է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, այլ ոչ թե խոսվի միայն Դուշանբեի մասին»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելուն, Կիրո Մանոյանն ասաց, որ արտաքին գործերի նախարարության և խորհրդարանական դիվանագիտության միջոցով պետք է բացատրել բոլորին, որ դա չի նշանակում ձևաչափի փոփոխություն, այլ`  ԵԱՀԿ-ի կողմից ժամանակին հաստատված ձևաչափի վերահաստատում, որն ինչ-որ պահի խախտվել է: 

Ըստ նրա՝ հիմք չկա կարծելու, որ Ադրբեջանը դրական է տրամադրված հակամարտության կարգավորման հարցում: «Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե ինքը կառուցողական է, իր մոտեցումները՝ դրական, բայց սա զուտ միջազգային համայնքին ցույց տալու համար է և ոչ ավելին: Այդ իսկ պատճառով  պետք է քայլեր ձեռնարկենք, որը կստիպի Ադրբեջանին` պատանդ չպահել բանակցությունները, որի  հիմնական ուղղությունը, ըստ Դաշնակցության, Արցախի անկախության միջազգային ճանաչումն ապահովելն է: Դրա առաջին քայլը պետք է լինի Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական համագործակցության  պայմանագրի կնքումը, որի պահը հասունացել է արդեն: Սա կարող է որոշների դժգոհությունն առաջացնել, հենց նույն` համանախագահող պետությունների, բայց նրանք պետք է հասկանան, որ չի կարելի Ադրբեջանի կամայականությանը գերի մնալ և թողնել, որ նա իր ուզածով շարժվի՝ լինի շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին, թե` բանակցությունների սեղանի շուրջը»,- ընդգծեց Մանոյանը:

Նա հավելեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն, բայց դա չի նշանակում, թե կարող ենք հանգիստ քնել, ինչի մասին վկայում են Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիրքերն առաջ տալու փորձերը: 

Անդրադառնալով  ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի արած հայտարարությանը, թե «Տարածքներէ խաղաղության դիմաց» սկզբունքը կվերաձևակերպվի որպես «Նոր պատերազմ` նոր տարածքներ» սկզբունքի, Կիրո Մանոյանն ասաց, որ կարևորը ոչ թե հայտարարության վայրն է, այլ այն, որ ՀՀ պաշտպանության նախարարը չխուսափեց նման հայտարարությունից:

«Ե՛վ պաշտպանության նախարարի հայտարարությունը, և՛ ԱԱԾ պետինը շատ ճիշտ և պատշաճ հայտարարություններ էին, և անհարմար կլիներ, եթե երկրի պաշտպանության և անվտանգության համար պատասխանատու մարդկանցից նման բան չհնչեր: Նրանք դիվանագետ չեն, և չպետք է ակնկալել, որ ուժային կառույցների ղեկավարները կփորձեն «դիվանագիտություն» խաղալ: Դրական է, որ երկուսի հայտարարությունն էլ չի հանդիպել վարչապետի` առնվազն  բացահայտ դժգոհությանը»,- շեշտեց Մանոյանը:

Այս համատեքստում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը միաժամանակ նշեց, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը մեզ մոտ վաղուց քննարկման առարկա չէ, դա եղել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն պարզաբանմանը, թե երբ Ալիևի հետ հանդիպումը դրական է գնահատում, դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն, Կիրո Մանոյանը նշեց, որ հակամարտող կողմի ղեկավարը նման բան չպետք է ասի, նման հայտարարությունն ավելի շատ միջնորդներին  է բնորոշ:

«Սա մի քիչ համահունչ է Լևոն Տեր-Պետրոսյանի ոճին, երբ միշտ փորձում է բացատրել, թե միջազգային հարաբերություններն ինչ են, արտաքին քաղաքականությունն ինչ է, ինչ պետք է սպասենք, ինչ պետք է անենք: Դա կողմի ղեկավարի հայտարարություն չէ: Եթե միջնորդներն ուզում են մեկնաբանել, թող անեն: Թող միջնորդներն ասեն, որ կողմերից շահող կամ պարտվող չպետք է լինի, ոչ թե կողմերից մեկի ղեկավարը»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված` մի շարք մարդասիրական միջոցառումներ իրականացնելու պայմանավորվածությանը, նա ակնարկեց, որ լուրջ գործողությունների չպետք է սպասել, իսկ հայ գերիների ծնողներին տեսակցության հնարավորության ընձեռումը չի կարելի մարդասիրական միջոցառումների տրամաբանության մեջ դիտարկել և համարել բավարար: Կիրո Մանոյանը  միաժամանակ չբացառեց, որ Ադրբեջանը, իրեն բնորոշ քաղաքականությունից ելնելով, քարոզչական քայլերի կդիմի: