կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 13:25
Քաղաքական

Տարածաշրջանային զարգացումները կարող են մեզ համար նպաստավոր լինել. Կիրո Մանոյան

Տարածաշրջանային զարգացումները կարող են մեզ համար նպաստավոր լինել. Կիրո Մանոյան

Տարածաշրջանի վերջին իրադարձությունները` Վրաստանում նախագահական ընտրությունները, Իրանի շուրջ ընթացող գործընթացները, Թուրքիայում եւ Թուրքիայի շուրջ գործընթացները, սիրիական ճգնաժամը, անհավատալի է, բայց լավատեսության հիմքեր են տալիս, որ տարածաշրջանում լարվածությունը կարող է մի քիչ նվազել, որը, բնականաբար, դրական հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Սակայն, ըստ նրա, դա հավանականություն է, եւ պարտադիր չէ, որ հենց այդպես տեղի ունենա: Կիրո Մանոյանը մասնավորեցրեց իր դիտարկումները` նշելով, որ եթե Իրանում ընթացող բանակցությունները բարեհաջող արդյունք ունենան, եւ լարվածությունը մեղմանա, եթե Վրաստան-Ռուսաստան հարաբերություններն ինչ-որ չափով նորմալանան, Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում զսպվի միջազգային համայնքի կողմից, եւ Սիրիայում գործընթացներն, ի վերջո, մտնեն կարգավորման փուլ, բնական է, որ նաեւ մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն:

 

Այս ֆոնին Արցախյան հարցի կարգավորումը, սակայն, ըստ Մանոյանի, առաջընթաց չի խոստանում, որովհետեւ այդ գործընթացի` համարյա փակուղային վիճակի պատճառն ու գլխավոր պատասխանատուն Ադրբեջանի կեցվածքն է, իսկ այդ կեցվածքը փոխվելու որևէ նշան ցույց չի տալիս: Այս առումով Կիրո Մանոյանը համոզմունք հայտնեց, որ իրական դերակատար կարող է լինել Թուրքիան, բայց ոչ այն ձեւով, ինչպես ինքն է պատկերացնում:

 

«Այսինքն` եթե Թուրքիան փորձում է մասնակից դառնալ կարգավորման գործընթացին' ինչ-որ պայմաններ թելադրելով հայկական կողմին, բնական է, արդյունք չի կարող ունենալ: Բայց եթե Թուրքիան հասկացնի Ադրբեջանին, որ ինքն առհավետ չի մնալու իր քաղաքականության պատանդը եւ կարող է, անկախ Ադրբեջանից, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, դա, բնականաբար, կարող է ունենալ դրական հետեւանք` հարցի կարգավորման տեսանկյունից»,- նշեց Կիրո Մանոյանը:

 

Ըստ նրա` այդպես կլինի` հաշվի առնելով, որ Ադրբեջանը, մեծ հաշվով, գրազ է եկել Թուրքիայի կողմից Հայաստանը մեկուսացնելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չսկսելու եւ Հայաստանը շրջափակման մեջ պահելու վրա: Իսկ եթե այդ քաղաքականությունը փոխվի, Ադրբեջանը ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունը: Բայց այստեղ եւս, նշեց Մանոյանը, հիմք չկա լավատես լինելու, թե Թուրքիան իր պահվածքը կփոխի ու կսկսի, Ադրբեջանից անկախ, Հայաստանի հետ քաղաքականություն վարել:

 

Այս ամենով հանդերձ, ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարելի է դրական համարել, քանի որ դրանք վկայում են ինչ-որ գործընթացի մասին: «Բայց եթե այսքան հապաղումից հետո չլինեն դրական քայլեր, կարծում եմ` ավելի մեծ հիասթափություն կպատճառի, եւ ավելի վատ հետեւանքներ կարող է ունենալ կարգավորման գործընթացի համար»,- ասաց Կիրո Մանոյանը, հավելելով` գործընթացը գործընթաց, բայց պետք է չէ հույսը դնել գործընթացի վրա, այլ շարունակել ջանքերը, որպեսզի իրավիճակը փոխվի, եւ այլ ուղղություններով աշխատանքներ տանել:

 

Իսկ այլ ուղղությունները, ըստ Մանոյանի, ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներն են: Նրա պնդմամբ` եթե աշխարհում 5, 10, 15 պետություն կարողանանք գտնել, որոնք ԼՂՀ անկախությունը ճանաչեն այնքանով, ինչքանով Հայաստանն է ճանաչել, արդեն բավական մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա, եւ այդ ճնշումը նաեւ կստիպի Ադրբեջանին` փոխել իր կեցվածքը: