կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-30 17:25
Քաղաքական

Վթարվել է «Արզնի 2 — Երևան» ջրատարը. մայրաքաղաքի որոշ հատվածներ ջրազրկված են

Վթարվել է «Արզնի 2 — Երևան» ջրատարը. մայրաքաղաքի որոշ հատվածներ ջրազրկված են

«Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական կարգավարական ծառայությունում մարտի 30-ին առավոտյան ժամը 7.30-8.00-ին գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 — Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա ջուր»,-ը։

Պարզ է դարձել, որ խոշոր վթար է տեղի ունեցել: Տագնապով ոտքի հանված 2 վթարային բրիգադ մեկնել է դեպքի հնարավոր վայր ու հայտնաբերել վթարը Գետամեջ գյուղին հարակից «Գազի պահեստարանների» շրջանում: Ջուրը հզոր ցայտով դուրս էր հորդում ինչ-ինչ պատճառներով խողովակի բացված կարից: Գործին ձեռնամուխ են լինում անմիջապես:

Անհրաժեշտ նախապատրաստությունից հետո, եռակցողներն արդեն ձեռնամուխ են եղել վթարի վերացմանը: Աշխատանքներում ներգրավված են բավարար քանակությամբ եւ մասնագետներ, եւ տեխնիկա, եւ ծախսանյութեր: Գործն առաջ է գնում անխափան:

Նշված խողովակաշարից սնվող տարածքների մեծ մասի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է համաձայն գրաֆիկի՝ ջրամբարներում կուտակված ջրի շնորհիվ: Այնուամենայնիվ, Արաբկիրի որոշ վայրերում ժամը 13:30-24:00 դադարեցվում է ջրամատակարարումը: Դրանք են Ղափանցյան, Գրիբոյեդով, Արծրունի, Արղության, Ռիգա, Փափազյան, Ա.Խաչատրյան, Կոմիտաս, Վաղարշյան, Սունդուկյան, Ադոնց, Վրացական, Հ.Քոչար, Զարյան, Արաբկիրի 17-27 փողոցները, ինչպես նաեւ Գետամեջ գյուղը:

Ըստ «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանի, եթե չլինեն անկանխատեսելի խոչընդոտներ, ապա «Արզնի 2 — Երեւան» ջրատարի շահագործումը կվերսկսվի նշված ժամկետին: Դրանից հետո եւս որոշ ժամանակ կպահանջվի այդ խոշոր ջրատարը, ինչպես նաեւ ներքաղաքային բաշխիչ ցանցը մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջրով լցնելու ու այնտեղ բավարար ճնշում ապահովելու համար՝ սպառողների լիարժեք ջրամատակարարումը վերականգնելու նպատակով: