Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Քաղաքացիները կրկին ահազանգում են, որ Հրազդանի կիրճում (Քանաքեռավանի հարակից հատվածում և այլուր) հերթական բեռնատարները բարձունքից ապօրինի ձորն են թափում շինարարական աղբն ու զգալի խնդիրներ առաջացնում ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, այլև, ուղղակի, սպառնալիք են ստեղծում «Արզնի 2- Երևան» ջրատարի համար (Yerkir.am-ի հրապարակած թարմ տեսանյութը՝ այստեղ):
Yerkir.am-ը դիմել էր պատկան մի շարք օղակների՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել Երևանի ջրամատակարարման համար սպառնալիք հանդիսացող նշված ապօրինությունը կանխելու և բացառելու ուղղությամբ, քանի՞ օրինախախտ է այս պահի դրությամբ բռնվել և պատժվել:
ՀՀ-ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը պատասխանել է, որ Հրազդանի կիրճի Քանաքեռավան բնակավայրի և Երևան քաղաքի սահմանային հատվածում շինարարական աղբի թափման դեպքերի առնչությամբ, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի, նույն հոդվածի 6-րդ մասի, 2191 հոդվածի 2-րդ պարբերության և 224-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ նախարարությունը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարություն և Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել դիմումում առկա տեսանկարահանվող տարածքում շինարարական աղբի ապօրինի թափման դեպքերը կանխելու ուղղությամբ և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել նախարարություն: Նախարարի տեղակալը նշել է, որ խնդրի կարգավորման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում մեզ լրացուցիչ կտեղեկացվի։
Նկատենք, որ շարունակական դարձած ապօրինությունները փաստում են՝ Երևանի քաղաքապետարանը կա՛մ առաջնորդվում է «միջոցներ ձեռնարկելու և ապօրինությունը կանխելուն ուղղված քայլերի» բազմաչարչար և հասարակության աչքին թոզ փչող մեթոդով, կա՛մ ոչինչ չի անում:
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը պատասխանել է՝ մեր հարցմանը վերաբերող խնդիրները քննարկվել են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հետ: Նոր Հաճընի ղեկավարը պարզաբանել է՝ հարցման մեջ նշված տարածքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի վարչական տարածքից դուրս:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ պատկան մարմիններին են ուղղարկել ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի գրությունը, որում կրկին անգամ նրանց ուշադրությանն են հրավիրել դեռևս լուծում չստացած խնդրի վրա և առաջարկել գործնական քայլեր ձեռնարկել լուծումներ գտնելու ուղղությամբ։
ՀՀ ոստիկանությունը պատասխանել է, որ «Հրազդանի կիրճ» կոչվող տարածքում շինարարական աղբի ապօրինի բեռնաթափում կատարելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2024թ. ստացված ահազանգերի կապակցությամբ հայտնաբերվել է թվով 4 դեպք, որոնց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմ՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու և հետագա ընթացքը որոշելու համար։ Բացի այդ, աղբի ապօրինի բեռնաթափման դեպքերը կանխելու նպատակով վերոնշյալ տարածքում տեղադրվել են բետոնե արգելապատեշներ՝ իրավախախտման դեպքերը կանխելու, ինչպես նաև դրանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանել է, որ «Ոստիկանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականցվող գործողությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքների ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է կառավարությունը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43․1 հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելու, չսահմանված վայրերում սպառման թափոնները թափելու համար, իսկ տվյալ հոդվածով նախատեսված վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահված է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հետևաբար, հայցով տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորությունների շրջանակից»,-նշված է ԱԱԾ-ի պատասխան նամակում։
Հրազդանի կիրճում շինարարական աղբի ապօրինի թափման հարցը կրկին անգամ մեծ ուշադրություն է գրավում՝ ստեղծելով լուրջ բնապահպանական խնդիրներ և սպառնալիք «Արզնի 2-Երևան» ջրատարի համար:
Ինչպես տեսանք, կատարվող ապօրինությունների հետքերով միայն քիչ թե շատ Ոստիկանությունն է, որ զբաղվել է: Մնացած կառույցներից և օղակներից ստացված պատասխաններից ակնհայտ է՝ խնդիրը աշխատել են գցել մեկը մյուսի բոստանը: Արդյունքում՝ այս լրջագույն և քաղաքացիների անվտանգությանը, մայրաքաղաքի մի ողջ վարչական շրջանի՝ Արաբկիրի ջրամատակարարմանն առնչվող խնդրի համակարգային լուծման ոչ մի հեռանկար այս պահին չի ուրվագծվում: Կարճ ասած՝ «բարդակն» ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու է: «Արզնի 2-Երևան» ջրատարի «գլխին տալու» գործընթացը շարունակվելու է: Իսկ երևանցիները թող պատրաստվեն նորանոր տհաճ անակնկալների:
Ալիսա Աղասյան