Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դերասան Հայկ Սարգսյանը, որը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայանի հրավերով եկել էր մանսակցելու մշակույթի գործիչների հետ ԱԺ-ում կազմակերպված հանդիպմանը, ասաց` լավ է հասկանում, որ անցումային շրջան է, փոփոխություններն էլ աստիճանաբար պետք է լինեն, բայց մարդիկ կան, որ այդ ամենը գիտակցում են, մարդիկ էլ կան` ուզում են այդ փոփոխություններն անմիջապես տեսնել:
Հանդիպման հիմնական թեմային` մշակույթ-պետություն հարաբերությունների կարգավորմանն անդրադառնալով` Սարգսյանն ընդգծեց` մշակույթը շատ ավելի խորն է, քան մենք փորձում ենք քննարկել ու հասկանալ: Ըստ նրա` պետական թատրոններ գոյություն ունեն ամբողջ աշխարհում: «Բացի պետական ֆինանսավորումից, պետությունը պետք է մտածի` ինչպես կարևորել թատրոնի դերն ու ինչպես անել, որ համագործակցությունն արվեստի աշխարհի ներկայացուցիչների հետ ճիշտ լինի: Սուբյեկտիվ չպետք է լինի, թե` ես այսպես եմ մտածում, ուրեմն` վերջ, այդպես պետք է լինի: Բռնկուն ենք, բազում են լինելու քննարկումները, քննադատությունները, բայց այդ ամենից չպետք է վախենալ: Հենց այդ քննարկումների արդյունքում է, որ պետք է գտնել այն համաչափ բանաձևը, որ հնարավորություն կտա էլ ավելի զարգացնելու մշակութային ոլորտը»,- ասաց դերասանը` դրական համարելով, որ պետական այրերը սկսել են առավել հաճախ մշակութային օջախներ հաճախել:
Ըստ Սարգսյանի` հարկավոր է նաև ամեն բան անել` մարզերում մշակութային կյանքը զարգացնելու համար: «Երևանից դուրս այնպիսի արվեստաբաններ ու մշակույթի գործիչներ են ապրում ու ստեղծագործում, որ օդ ու ջրի պես պետք են հայաստանյան մշակույթին: Տաղանդավոր երեխաներ կան, որ, օրինակ, հրաշալի նկարում են, բայց նրանց` նկարիչ դառնալու երազանքը մնում է երազանք, քանի որ մայրաքաղաքի մշակութային կյանքի հետ չեն հաղորդակցվում»,- ասաց նա:
Հանդիպմանը ներկա մեկ այլ դերասան` Նաիրա Մովսիսյանի կարծիքով էլ` Հայաաստանում բոլորովին նոր ձևաչափի թատրոն ստեղծելու անհրաժեշտություն կա: Այդ թատրոնում, ըստ նրա, սերունդներ կկրթվեն: «Արտերկրից կլինի հովանավորչություն, ինչի շնորհիվ կզարգանա թատրոնը: Գովազդների, սոցիալական ցանցերով տարածելու շնորհիվ մարդիկ կտեղեկանան, կիրազեկվեն թատրոնի մասին: Թատրոն-ստուդիայի տաղանդավոր սաները կմնան թատրոնում ու աշխատանքի խնդիր չեն ունենա, ճյուղային բաժանումներ կլինեն` սերիալների, թատրոնների, ֆիլմերի, սիթքոմների, գովազդների և այլնի համար»,- իր տեսլականը ներկայացրեց դերասանուհին: