Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ համարում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի` մեր «խիստ ընդդիմադիր» նյութի համար մեզանից «նեղացած» գյուղապետին, ով հրաժարվել էր «Երկիր»-ին հարցազրույց տալ` պատճառաբանելով, թե փող չունի: Գյուղապետ Եսայի Մովսիսյանը նաեւ մեզ «խորհուրդ էր տվել» իր բարի համբավի մասին հետաքրքրվել գյուղացիներից ու ներկայացնել կարծիքն իր մասին, ինչը մենք, բնականաբար, արել ենք:
Ուրեմն՝ այսպես. Եսայի Մովսիսյանը գյուղը ղեկավարում է արդեն 20 տարի: Գյուղացիների խոսքերով` այս ընթացքում հասցրել է 3 անգամ կուսակցություն փոխել: Նա նախ կոմունիստ է եղել, հետո անդամակցել է «Օրինաց Երկրին», հիմա էլ «ձմեռում» է իշխող Հանրապետական կուսակցության շարքերում:
Որպես գյուղապետի կատարած ամենամեծ աշխատանք` գյուղացիները մատնանշում են Արցախյան հերոսամարտին նվիրված հուշակոթողը: Սակայն չար լեզուները պնդում են, որ այստեղ էլ ամեն ինչ հարթ չի ընթացել. կոթողի հեղինակն է վճարումից դժգոհ մնացել: Ինչեւէ:
Անդրադառնանք նրա այլ աշխատանքներին. գյուղի որոշ հատվածներում գյուղապետը ջրագիծ է անցկացրել: Այստեղ էլ պետք է նկատել, որ այն հատվածներում, որտեղով անցնում է ջրագիծը, կա'մ գյուղապետի ազգականներից մեկն է ապրում, կա'մ գյուղապետարանի որեւէ աշխատակից:
«Իմ ու գյուղապետի ջուրը մի առվով երբեք չի գնում, ինքն ունի հստակ մի ձեւ. գյուղն իրանն ա, ինչ ուզենա կանի, պետք ա, որ գյուղը ջուր չունենա, ուրեմն չի ունենա: Պետք ա՝ կմիացնենք, պետք չի` ուր ուզում ես դիմի, ինչ ուզում ես արա, դա իր իսկ արտահայտությունն է»,- մեզ հետ զրույցում պատմեց Մայիսյանի ավագանու անդամ Արարատ Հարությունյանը:
Համայնքի ղեկավարը խնդիրներ ունի ավագանու երկու անդամների հետ, առավել շատ` հենց Արարատ Հարությունյանի:
Մայիսյանի մասին մեր նախորդ նյութերից մեկում արդեն գրել էինք, որ գյուղի մի մասը` գյուղապետարանի ու գյուղապետի փողոցում գովաբանում էին գյուղապետին: Պարզվում է` գյուղի մյուս` դժգոհ հատվածն այս փողոցի անունը, ոչ ավել, ոչ պակաս, «Հանրապետական» է դրել: «Էդ փողոցին ինքը շատ լավ նայում ա, քանի որ հիմնականում իր աշխատակիցներն են: Արտեզյանը միացնում են, ջրի 80 տոկոսը գնում ա իրանց, ոնց որ Սադամ Հուսեյնի կամ Մուամար Կադաֆիի դիկտատուրան լինի: Ու ասեմ, գյուղի կեսից ավելին են իրանից դժգոհ»,- դժգոհում է ավագանու անդամը:
Եսայի Մովսիսյանի` գյուղապետ դառնալու գաղտնիքը պարզ է. գյուղում մեծ բարեկամություն, ազգ ու տակ ունի: Վայելում է նաեւ գյուղի եզդիների աջակցությունը. շատերի քավորը հենց գյուղապետն է:
Անդրադառնանք գյուղապետարանի աշխատակազմին: Այստեղ գյուղապետի ազգ ու տակն են` կինը գործավարն է, տղան` հիմա վարորդ է ձեւակերպված, եղբայրը, ինչպես գյուղում են ասում, «ջրային նաչալնիկը», մյուս եղբայրը եւ հորեղբոր տղան` ավագանու անդամներ են... Արարատ Հարությունյանը պատմում է, թե ինչպես մի անգամ, երբ հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել իր եւ գյուղապետի միջեւ, գործը հասել է մինչեւ դատախազություն: Դատախազի տեղակալն էլ գործի քննության շրջանակներում հարցրել է, թե ի՞նչն է եղել վեճի պատճառը, իսկ հետո, երբ իմացել է, որ բյուջեի հաստատման շուրջ են վիճել, պահանջել է ներկայացնել բյուջեն: Երբ պաշտոնյան տեսել է, որ ամբողջ աշխատակազմը Մովսիսյաններ են, կատակել է. «Գյուղի անունն էլ փոխեք, դրեք Մովսիսյաններ ԲԲԸ, պրծեք»:
Մայիսյանում մեր լուսանկարչական ապարատն արձանագրեց գյուղի` տարիներով ասֆալտ չտեսած, փոշոտ փողոցները, բացված ու այդպես էլ չփակված դիտահորերը, գյուղի զգալի հատվածի` ջուր չլինելու պատճառով չմշակված կամ չորացած այգիները, գործազրկությունն ու գյուղից արտագաղթը: Գյուղապետը, որքանով մենք ենք տեղյակ, նրա համար չէ, որ յուրաքանչյուր սեպտեմբերի 21-ին գյուղի կլուբում տոնի անկախության օրն ու ըմբոշխնի «իր պատվին» կազմակերպված համերգը: Սա երկրիս ղեկավարի հայտարարած «տեղական իշխանիկի» հոգեբանությունն է, որից, ցավոք, առայժմ ձերբազատվել չեն կարողանում նախագահի իսկ ղեկավարած կուսակցության գյուղապետերը: Մեծ մասամբ:
Վստահ ենք, որ եկող ընտրություններում եւս կառաջադրվի Եսայի Մովսիսյանը եւ, հավանաբար, կընտրվի, քանի դեռ մեր իշխանությունների հենարանը հասարակության մեջ դիրք, բայց ոչ երբեք հարգանք վայելող մարդիկ են:
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ