Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախի Հանրապետության Կիչանի և Նոր Ղազանչիի համայնքների Կարեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցավ ցերեկույթ՝ նվիրված ՀՅԴ անդամ , Արցախյան շարժման ակտիվ մասնակից Թելման Հարությունյանի ծննդյան 60-ամյակին: Ներկա էին նրա այրին, որդիները, հարսները, թոռները, բարեկամները, նրա մարտական ընկերները, ուսուցիչներ, աշակերտներ, Նոր Ղազանչի համայնքի ղեկավարը և հարևան համայնքների բնակիչները:
Միջոցառման ավարտին Թելման Հարությունյանին նվիրված անկյուն բացվեց դպրոցի պատմության դասասենյակում, որը այսուհետ կրելու է նրա անունը: Թելման Հարությունյանի ընտանիքը պատմության դասասենյակին է նվիրվել «Արցախի գանձերը» գիրքը:
Թելման Հարությունյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման պայքարում: 1988թ-ի հունիսի 21-ի նրա արարքը պատմական իրադարձություն էր: Նման «հանդգնություն» այն ժամանակ շատ քչերին էր հատուկ, բայց Թելմանը դա կատարեց: Այդ հանդուգն քայլի մասին հենց ինքն է պատմել.
«Մարզգործկոմի շենքին կից դպրոց կար, որտեղով բարձրացել եմ տանիք: Գաղտնագողի սողալով տանիքի վրայով՝ մոտեցել եմ ադրբեջանական դրոշին, ապա պատռելով՝ հանել այն, շպրտել՝ տեղում ամրացնելով Եռագույնը: Դեռ չէի հասցրել հեռանալ, երբ 8-9 խորհրդային զինվոր բարձրացան տանիք, փորձեցին բռնել, սակայն՝ չկարողացան, հասցրի փախչել եկածս ճանապարհով»: Դրոշը բարձրացնելու և փախուստի պահերը խորհրդային ՊԱԿ-ը հասցրել էր լուսանկարել: Այդ քայլին հաջորդեցին հետապնդումներն ու ձերբակալությունը:
Ժողովրդի սրտում մեծ հնչեղություն ունեցավ այդ քայլը, քանզի դա պայքարի մի նոր լիցք, մի նոր թափ հաղորդեց ազատություն տենչող մարդկանց:
1990 թվականից Թելմանն անդամագրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ երդում տալով ՀՅԴ Կանոնագրին ու Ծրագրին՝ պատվով ու նվիրումով ծառայելու իրեն ծնած ազգին ու հայրենիքին: Ու նա քայլեց այդ իսկ ճանապարհով՝ հավատարիմ մնալով որդեգրած գաղափարին:
1992 թվականին Թելմանը ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի հրամանով նշանակվել է Սեյսուլան, Յարմջա, Ղազանչի գյուղերի լիազոր ներկայացուցիչ:
Պատերազմից հետո էլ նա մնաց մարտիկ, իր ժողովրդի բարօրության ու հայրենիքի բարգավաճման համար պայքարող մարտիկ: Երկար տարիներ աշխատելով ԼՂՀ վերաբնակեցման վարչությունում, ինչպես պատմում են նրա աշխատանքային կոլեկտիվում՝ ջանք ու եռանդ չէր խնայում իր հնարավոր ներդրումն ունենալու Արցախի վերաբնակեցման գործում, թեեւ այդ տարիներին բժիշկները նրա մոտ մահացու հիվանդություն էին հայտնաբերել: Նրան հանգիստ եւ անդորր էր հարկավոր, սակայն նա ժամանակ էր գտնում այցելելու արցախյան գյուղերը, ծանոթանալու մարդկանց մտահոգող խնդիրներին, ներկայացնելու դրանք, իր ավանդն ունենալու դրանց հաղթահարման աշխատանքներում:
Ընդամենը 49 տարիների կյանք էր նրան վիճակված, սակայն նրա ապրած կարճ կյանքը լոկ տարիների հանրագումար չէր. նա կարողացավ բովանդակալից ապրել Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրը՝ մարդկանց հետ, մարդկանց կողքին՝ միշտ Մարդ մնալով:
Թելման Հարությունյանի նպատակը նահանջ չէր ճանաչում, նա հոգով մնաց հաղթող՝ Արցախի լուսավոր ազատությունը տեսնելու վճռականությամբ զինված: