ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին և ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռազմական խորհրդի աշխատանքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարները, բնագավառի հետ առնչվող զինվորական պաշտոնյաներ:
Ներածական խոսքում ներկայացնելով օրվա աշխատակարգը` բանակի հրամանատարն անդրադարձել է նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, մասնավորապես նշելով, որ դրանց հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է ռազմական տեխնիկան ու սպառազինությունը մշտապես պահել մարտունակ վիճակում և շարունակ կատարելագործել սպասարկման ու շահագործման մակարդակը:
Բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը ծավալուն անդրադարձ է կատարել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու հաշվառման, տեսադիտարկման համակարգերի վիճակին, առկա խնդիրներին ու ներկայացրել բարելավման ուղիները:
Այնուհետև, ըստ առանձին ուղղությունների, հնչել են հաշվետու զեկույցներ, որոնք վերաբերում էին տարբեր զորատեսակներում սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակին, միավորումներում և զորամասերում նշված ոլորտի կազմակերպման աշխատանքներին, մարտական հերթապահությունում և մշտական տեղակայման վայրերում առկա զինամթերքի պահպանման, հաշվառման և գործընթացի վերահսկողության հարցերին, տեսադիտարկման համակարգերի վիճակին և հարակից այլ թեմաների:
Ընդհանրացնելով ելույթների, վերլուծական զեկույցների և քննարկումների արդյունքները` ՊԲ-ի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հիմնական խնդիրների վրա, որոնց կարևորությունն ընդգծվել է խորհրդի նիստի ընթացքում և հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց հետագա ծառայության ժամանակ հաշվի առնել բանակի հրամանատարության մոտեցումներն ու ռազմական խորհրդի որոշման դրույթները: