Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որտեղ ամփոփվել են ՊԲ-ի, միավորումների և զորամասերի 2016 թվականի արդյունքերը: Ռազմական խորհրդի նիստին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմը, ռազմաիրավապահ մարմինների և զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:
2016թ. ողջ ընթացքում, հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, Լևոն Մնացականյանը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքներին, հակառակորդին զսպելու և առավել արդյունավետորեն հակազդելու ուղղությամբ նախատեսվող հետագա գործընթացներին:
Այնուհետև, ըստ առանձին ուղղությունների 2016 թվականին տեղ գտած բանակային կարևորագույն գործընթացների վերաբերյալ, հանգամանալից զեկույցներ են ներկայացրել բանակի հրամանատարի տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Նշված ելույթներում անդրադարձեր են կատարվել ՊԲ-ի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և շտաբների պատրաստության արդյունքներին, ներկայացվել են մարտական պատրաստության կարևորագույն ձեռքբերումները, խոսվել զինվորական կարգապահության և զորքերի բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, զորքերի տեխնիկական, թիկունքային և ինժեներական ապահովման հարցերից, ներկայացվել առանձին զորատեսակների վիճակը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների համալիրը:
Հնչած զեկույցներում և քննարկումներում առանցքային նշանակություն է տրվել հատկապես այն զարգացումներին, որոնք տեղ են գտել 2016 թվականի ապրիլին: Ընդգծվել է, որ չնայած ՊԲ-ը կարողացել է կասեցնել թշնամական մտադրություններն ու լրիվությամբ ձախողել վերջինիս պլանները, սակայն, պետք է ամեն ինչ անել, հետագա հավանական գործողությունների դեպքում առավել արդյունավետորեն գործելու համար:
Նիստի եզրափակիչ հատվածում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահի հրամանով ‹‹Արիության համար›› մեդալ է հանձնվել ապրիլյան դիմակայության ժամանակ հերոսաբար մարտնչած և ծանր վիրավորված գումարտակի շտաբի պետ, կապիտան Վալերի Իվանի Մեհրաբյանին:
Այնուհետև հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը, որի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում լավագույն ցուցանիշներ ապահոված զորամասերը, ստորաբաժանումներն ու անհատ զինծառայողները խրախուսվել են պատվոդրոշներով, անվանական զենքերով, արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:
Պարգևատրման արարողության ավարտից հետո, ամփոփիչ խոսք է ասել Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը: Եվս մեկ անգամ անդրադառնալով անցած տարվա բանակային կարևորագույն դրվագներին՝ Լևոն Մնացականյանը մասնավորապես նշել է, որ չնայած տարին եղել է անչափ բարդ, ՊԲ-ը կարողացել է կյանքի կոչել նախատեսված բոլոր ծրագրային միջոցառումները և քայլ առաջ կատարել, հանրապետության պաշտպանական ներուժի հետագա մեծացման ուղղությամբ:
Ռազմական խորհրդի մասնակից հրամկազմին ուղղված խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը: Իր գոհունակությունը հայտնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակից՝ Մովսես Հակոբյանը նշել է նաև գործունեության այն կարևոր ոլորտները, որոնք առաջնային կլինեն 2017թ. բանակային տարվա ընթացքում՝ համագործակցության հետագա խորացման առումով:
Վերջում 2016 բանակային ուսումնական տարվա արդյունքներն ի մի է բերել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Գերագույն գլխավոր հրամանատարը հավաստիացրել է, որ այսուհետ ևս պաշտպանական ոլորտին առնչվող խնդիրները կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ամենօրյա հոգածության կենտրոնում և կարվի հնարավոր ամեն ինչ, հակառակորդի ռազմական նկրտումների հավանականությունը ժամանակին չեզոքացնելու ուղղությամբ: