Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի կողմից, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների, այն շատ համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Այն պարունակում է հարյուրավոր գործնական միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր հանձնառությունների իրագործմանը: Որոշակի ժամանակ պահանջվեց, բայց մենք՝ որպես ԵՄ, խոստացել էինք մեր առաջարկները և մեկնաբանությունները ներկայացնել մինչև հունվարի վերջը և կատարել ենք մեր խոստումը: Հունվարի վերջին օրը ԵՄ ծառայությունների մեկնաբանությունները փոխանցվեցին հայկական կողմին, և ես հասկանում եմ, որ մեր հայ գործընկերները խորապես ներգրավված են քննարկումների մեջ, որոնք վերաբերում են Բրյուսելից ստացված առաջարկություններին: Տեղյակ եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովում, որը զբաղվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմամբ, տեղի են ունենում հանդիպումներ: Կարծում եմ՝ մինչև մարտի վերջը կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը: Ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք նախքան մեր գործընկերության հանձնաժողովի նիստը»,- նշեց Սվիտալսկին՝ լրացնելով, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության կոնկրետ փաթեթ ՀՀ-ի հետ համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրագործման վերաբերյալ:
«Եվ մենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկում ենք աջակցության տարբեր ձևաչափերը և միջոցառումները, մենք շատ մոտ ենք համաձայնելուն, այսպես կոչված, «թվինինգ» ծրագրերի իրագործման վերաբերյալ: Դրանք այն ծրագրերն են, որոնք հիմնված են անհատ պետությունների ներգրավման վրա` տարբեր հաստատությունների մակարդակով, որոնք սատարում են ԵՄ գործընկեր երկրներին կոնկրետ ոլորտներում: Մենք շատ մոտ ենք արդեն տալու մեկնարկը առնվազն մի քանի «թվինինգ» ծրագրերի՝ սատարելու Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՍԵՊԱ) իրագործմանը»,- մանրամասնեց ԵՄ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
ԵՄ երկրներից համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան: