կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-02 17:07
Հասարակություն

Դաբաղի դեմ պատվիրված պատվաստանյութերը Հայաստանում կլինեն մինչև մարտի վերջը. ՍԱՊԾ

Դաբաղի դեմ պատվիրված պատվաստանյութերը Հայաստանում կլինեն մինչև մարտի վերջը. ՍԱՊԾ

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դաբաղի դեմ Ռուսաստանին պատվիրված պատվաստանյութերը Հայաստանում կլինեն մինչև մարտի վերջը: «Պատվաստանյութերն արդեն պատվիրված են և մինչև մարտի վերջը կլինեն Հայաստանում, որպեսզի արագ ու ինտենսիվ կանխարգելման աշխատանքներ կատարվեն»,- ասաց խոսնակը` հավելելով, որ արգելքի հանման ժամկետների մասին չի կարող խոսել, սակայն ընդգծեց, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի փոխտնօրեն Նիկոլայ Վլասովը հայտարարել է, որ առաջիկայում արգելանքը կլոկալացվի, այսինքն` կլինի միայն Արմավիրի մարզի այն համայնքում, որտեղ արձանագրվել է դաբաղի դեպքը, կամ էլ կհանվի:

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը հունվարի 20-ից ժամանակավորապես արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ`արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթնամթերքի, կաշվի, մորթիների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող մշակում չեն անցել:

Թեմայի վերաբերյալ ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչության տարածած պարզաբանման  մեջ նշվում է, որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի`Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև ԵՏՄ գործընկերներին:

Նշենք նաև, որ ռուսական կողմը Հայաստանի պատվերով արտադրում է դաբաղի դեմ պատվաստանյութ: Ի դեպ, դաբաղի այդ տեսակը տարածաշրջանում երբևէ չի եղել: