կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 12:55
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4):

Գյուղատնտեսություն

 1. Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում և այլն: Կարևոր է, որ շարունակվեն գործուն քայլեր ձեռնարկվել անմշակ և ոչ նպատակային օգտագործվող հողերի մակերեսների նվազեցման ուղղությամբ: Դրական են կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերների ստեղծմանը միտված մոտեցումները, գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացումը, գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը:

2. Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հողերի խոշորացման և հողերի արդյունավետ շուկայի ձևավորման համար: Հայաստանում վարելահողերի միջին մակերեսը պակաս է 1.5 հեկտարից: Փոքր և կտրտված հողակտորների տնտեսական արդյունավետությունը ցածր է, երկրից իսպառ վերացել է ցանքաշրջանառությունը: Հողերի խոշորացման համար հողի սեփականության իրավունքի փոփոխությունը պարտադիր պայման չպետք է լինի: Հարկ է ստեղծել բավարար խթաններ, որպեսզի փոքր հողատերերը, կամավորության սկզբունքով, միավորեն իրենց հողատարածքները՝ մեծացնելով հողի արդյունավետությունը:

3. Գյուղատնտեսական քաղաքականությունը նաև պետք է միտված լինի տարածքային անհամամասնությունները մեղմելուն: Գյուղատնտեսական և պետական աջակցության ծրագրերը պետք է իրականացվեն հիմնականում առավել խոցելի ու տնտեսապես թերզարգացած մարզերում և համայնքներում:

4. Մարզերում անասնաբույժների, գյուղատնտեսների և բուսասանիտարների հիմնահարցի լուծումը կենսական անհրաժեշտություն ունի գյուղատնտեսության զարգացման համար: Ցավոք, տասնյակ համայնքներում այլևս չկան նշված մասնագիտություններին տիրապետող անձինք: Անասնաբույժների միջին տարիքը մոտենում է 60-ի:

5. Հաշվի առնելով ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի աճող պահանջարկը՝ կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանման ուղղությամբ:

6. Հայաստանի գյուղատնտեսական բյուջեն համադրելի չէ երկրում գյուղատնտեսության տնտեսական և քաղաքական նշանակության հետ, կազմում է ընդհանուր բյուջեի մոտ մեկ տոկոսը (առանց ոռոգման ջրի սուբսիդավորման գումարի)․ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը գեներացնում է երկրի ՀՆԱ-ի առավել քան 15 տոկոսը, իսկ գյուղատնտեսության վերամշակումը՝ ևս 10 տոկոսը: Մինչդեռ գյուղատնտեսության ֆինանսավորման հիմնական ցուցանիշ համարվող գյուղատնտեսության բյուջե/գյուղատնտեսական ՀՆԱ  հարաբերությունը, ամենացածրերից մեկն է ամբողջ աշխարհում և կազմում է մոտ 3.5 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում` 15 տոկոսը (գյուղատնտեսության բյուջեում ներառված է նաև ոռոգման ջրի սուբսիդավորման գումարը):

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ուղղվածության ինդեքսը՝ գյուղատնտեսությանը հատկացվող ֆինանսավորման մեկ այլ հիմնական ցուցանիշ՝ գյուղատնտեսական բյուջե/պետական բյուջե/գյուղատնտեսական ՀՆԱ/ընդհանուր ՀՆԱ, դարձյալ ամենացածրերից է և հավասար է մոտ 0.1-ի: Համեմատության համար՝ այդ հարաբերությունը Վրաստանում մոտ 0.4 է, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում գերազանցում է 0.4-ը:

8.Համադրելի և ուղղակի մրցակից երկրների հետ համեմատությունը փաստում է, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման և կառավարության ծրագրում նախատեսված նպատակների իրականացման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական բյուջեն մեծացնել:

9. Անընդունելի է գյուղատնտեսության նախարարության միավորումը ցանկացած այլ նախարարությանը: Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկն է: Այն ապահովում է հանրապետությունում ամենամեծ զբաղվածությունը և գյուղական համայնքներում եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրն է:

10. Հաշվի առնելով գյուղի զարգացման և գյուղատնտեսության անքակտելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսական վերամշակման օրգանական կապը գյուղատնտեսական մթերքների արտադրության հետ, գյուղատնտեսության նախարարությունը պետք է առավել հզորացվի, և նրա գործառույթները պետք է ընդլայնվեն՝ ընդհանուր առմամբ ներառելով հետևյալ ոլորտները՝ 1. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, 2. գյուղատնտեսական մթերքների վերամշակում, 3. գյուղի զարգացում:

11. Կառավարության ծրագրում արձանագրված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ է հզոր, բանիմաց կադրերով համալրված, մարզերում էական ներկայություն ունեցող, նախաձեռնողական և իրական կարիքներով առաջնորդվող նախարարության առկայությունը: Պատահական չէ, որ աշխարհի համարյա բոլոր երկրներն ունեն գյուղատնտեսության նախարարություն: Նույնիսկ այն պարագայում, երբ համապատասխան գերատեսչության անվանումն ավելի ընդհանրական է, օրինակ՝ գյուղատնտեսության և պարենի, գյուղատնտեսության և առաջնային արդյունաբերության, գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման, առաջնային գործառույթը գյուղատնտեսությունն է:

 Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում

 12. Դաշնակցությունը ողջունում է տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև կառավարության՝ 2016-2017 թթ.-ից իրականացվող քաղաքականությունը շարունակելու իրողությունը:

13. Միևնույն ժամանակ, առավել քան տարակուսելի է կառավարության մտադրությունը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները՝ առանց կառավարության ծրագրում հայտարարված «պետական կառավարման համակարգում մարզպետարանների դիրքի և մարզպետարանների կազմակերպական կառուցվածքների վերանայման»:

Շարունակելի