կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 12:50
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե'ք այստեղ (բաժին 1):

Պաշտպանություն և անվտանգություն

1. Հնգամյա ծրագրի պաշտպանական ոլորտի քաղաքականության բաժնում, ինչպես այլուր, ներկայացված չեն կոնկրետ միջոցառումներ և գործողությունների ժամկետներ:

2. Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորմանը և շարունակական ամրապնդմանը անդրադարձ է կատարվում միայն գործունեության հիմնարար ուղենիշներում, սակայն անդրադարձ չկա ո՛չ կառավարության խնդիրներում, ո՛չ էլ պաշտպանական ոլորտի քաղաքականության բաժնում։ Մինչդեռ, մեր կարծիքով, անհրաժեշտություն կար նշելու անվտանգության երաշխավորի պարտականությունների կատարմանը միտված գործողությունները, երաշխավորման մեխանիզմները կամ դրանց ճանապարհային քարտեզը:

3. Կառավարությունը ընդամենը կարևորում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործողությունները, ինչպես նաև այդ ոլորտներում պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, բայց անտեսում է պահեստազորային պատրաստությունը, որը զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկն է: Իհարկե, զինված ուժերը պետք է ունակ լինեն առկա ուժերով ու միջոցներով դիմագրավել հակառակորդի ագրեսիան, բայց զորքերը արհեստավարժ պահեստազորայիններով լրահամալրման և զորահամալրման կարևորությունն ու անհրաժեշտությունը պետք է համարել առաջնահերթություն։

4. Կարևորվել է միայն քաղաքացիական պաշտպանության ոլորտը՝ առանց հաշվի առնելու, որ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության դեպքում այդ համակարգը ուղղված է նաև բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը։ Սա պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը: Մոռացության են մատնված քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներից բնակչության տարհանման և տեղաբաշխման, պատսպարման, անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կատարելագործմանն ուղղված գործողությունները:

5. Անտեսված է Ազգ-բանակ հայեցակարգը: Նշված է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժերի պահպանման անհրաժեշտությունը, սակայն անտեսված է ժողովրդական լայն զանգվածների ներգրավումը պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման գործում: Դրանով իսկ համակարգը կառուցվել է միայն պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող ենթահամակարգերի շարունակական բարելավման վրա:

6. Որպես մեր գլխավոր մրցակցային առավե­լություն նշվում են առաքելության զգացումով առաջնորդվող մարդիկ, բայց անդրադարձ չկա, թե ինչ ուղիներով և միջոցներով ենք հասնելու պարտականության զգացողությունը առաքելության զգացումով փոխելուն։ Ընդհանրապես չի կարևորվում կամավորականներին և աշխարհազորայիններին պետության անվտանգության ապահովման գործում ընդգրկելը։

7. Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, բայց ծրագիրը չի անդրադառնում զինվորական թոշակառուներին, զինվորական հաշմանդամներին, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին:

8. Սկզբունքային նշանակություն ունի ազգային անվտանգության նոր ռազմավարություն մշակելու հարցը, որի մասին նույնպես ծրագրում անդրադարձ չկա:

 

Արտաքին քաղաքականություն

9. Արտաքին քաղաղաքականության բաժնում գերիշխում են նախորդ իրարահաջորդ կառավարությունների ծրագրերի մոտեցումները։ Մինչդեռ անհրաժեշտ են շեշտադրումներ, որոնք բխում են ՀՀ վարչապետի հայտարարություններից, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հրապարակված համահայկական հռչակագրից (ներքոգրյալում շեղատառերով ընդգծվածները, լրացումների կամ փոփոխությունների տեսքով, մեր առաջարկներն են կառավարության ծրագրի տեքստի վերաբերյալ):

Մասնավորապես.

10. Արցախի վերջնական կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

11. Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում համաձայնեցված՝ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

12. Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային (ծրագրում օգտագործվում է «հանգուցալուծում» բառը) գործընթացում:

13.Կառավարությունն աջակցելու է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ու արտաքին քաղաքականության իրականացմանը.

14. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ ծրագիրը պետք է ներառի հետևյալը. «Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»։

15. Ծրագիրը պետք է ներառի նաև դրույթ, ըստ որի կառավարությունը շարունակելու է աշխատանքները հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման ուղղությամբ:

16. Ծրագրում «Տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնումը» դրույթը չի կարող վերաբերել միայն մեկ պետության, այս դեպքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ծրագրով արդեն ամրագրվել են «միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ» կառավարության քայլերը։

17. Հիմնարար ուղենիշներում, կառավարության խնդիրների շարքում՝ մարդկային ներուժի զարգացմանն ուղղված քայլերի թվում, անհրաժեշտ է հստակեցնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը հիմնականում վերաբերում է ՀՀ երկքաղաքացիներին։ Միաժամանակ ՀՀ երկքաղաքացիությունը քաջալերելը պիտի լինի Սփյուռքի հետ կապերի առաջնահերթություններից։

18. Սփյուռքի ներկայացուցչական կառույցի ստեղծումը չի կարող լինել ՀՀ կառավարության նախաձեռնություն, դա պետք է կատարվի հենց Սփյուռքի կողմից։ Այստեղ կառավարության դերակատարությունը պիտի լինի աջակցությունը նման նախաձեռնության իրականացմանը։

Շարունակելի