Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7), (բաժին 8), (բաժին 9):
Շրջակա միջավայր
1. Ծրագրային դրույթը կարևորել է անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը և անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացումը: Սակայն հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տա գնահատելի դարձնել արդյունքները։
2. Ծրագրում կարևորվել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը: Սակայն անհասկանալի է, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում ԲՀՊՏ-ների հզորացումը, երբ այս կառույցները մշտական շահերի բախման մեջ են հարակից բնակավայրերի հետ։ Դրա հիմնական պատճառներից է, երբ մարդիկ ԲՀՊՏ-ների տարածքն ու կենսաբազմազանությունը դիտարկում են իրենց սոցիալական խնդիրների լուծման միջոց՝ շատ հաճախ խախտելով ԲՀՊՏ-ների մասին օրենսդրությունը՝ թույլ տալով ԲՀՊՏ-ների ռեժիմի խախտումներ։ Օրինակ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մինչև հիմա չունի կադաստրային քարտեզ: Սա ոչ միայն լարվածության պատճառ է դառնում, այլ նաև սպառնալիք է ստեղծում հենց նույն ԲՀՊՏ-ի պահպանությանը։ Բացի դրանից՝ ծրագրից չի հասկացվում, թե բնակավայրերի կարողությունների զարգացում ասելով ինչ է հասկացվում։ Պետք է հստակ նշվի, որ հիմնական խնդիրը հարակից համայնքների բնակչության զբաղվածության ապահովումն է՝ աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի սոցիալական խնդիրները բնապահպանական հետևանքներ չունենան։
3. Ծրագրային առանձին դրույթներ վերաբերում են կենսաբազմազանության պահպանությանը և կենսանվտանգության ապահովմանը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառմանը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը: Խոսվում է պահպանության ու անվտանգության մասին, բայց հաշվի չի առնվում, որ մարդկային սակավ ուժերով դժվար է իրականացնել լիարժեք պահպանություն։ Ոչ մի խոսք չկա ժամանակակից տեխնիկական միջոցներով անձնակազմների ապահովման մասին։ Բացի դրանից՝ չի նշվում, թե ինչպես են պատկերացնում էկոտուրիզմի զարգացումը։ Էկոտուրիզմի զարգացման համար պետք է ստեղծվեն մասնագիտական խմբեր, որոնք պետք է ունենան համապատասխան գիտելիքներ էկոտուրիզմի զարգացման և գովազդի համար։ Յուրաքանչյուր ԲՀՊՏ-ը պետք է ունենա իր մասնագիտացված խումբը՝ համապատասխան հաստիքներով։ Մինչդեռ կառավարությունը գնում է պետական կազմակերպությունները և հաստիքները կրճատելու ճանապարհով։
4. Ծրագրում նշվում է, որ 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Չափազանց կարևորելով ջրամբարաշինությունը և հատկապես ֆինանսական սուղ միջոցները նկատի առնելով (խոշոր ջրամբարների կառուցման միջոցով Թուրքիան իր հսկողության տակ է վերցրել Տիգրիս ու Եփրատ գետերի ջրի հոսքը դեպի Իրաք ու Սիրիա), հարկ է կենտրոնանալ երկրի լեռնային հատվածներում ավելի փոքր ջրամբարտակների կառուցման վրա: Այս ջրամբարներում պահեստավորելով անձրևի, ձնհալի ու աղբյուրների ջուրը՝ դրանք կօգտագործվեն հատկապես ամռան ամիսներին։ Փոքր ջրամբարները կապահովեն նոր հողատարածքների ոռոգումը։ Նմանատիպ մի քանի օրինակ արդեն կա Սյունիքի մարզում։