կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 12:50
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2):

Արդարադատություն

 1. Արդարադատության ոլորտում կառավարության մոտեցումները ներկայացված են ծրագրի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» բաժնում: Ներկայացվածն ավելի շատ հանրահավաքային հայտարարություն է, քան առկա խնդիրների հայեցակարգային լուծում:

Այսպես, վկայակոչվում է կառավարության քաղաքական կամքի առկայությունը, մեղադրանքներ են ներկայացվում ամբողջ դատական համակարգին, և, ըստ էության, կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը: Արդարադատության իրականացման` դատարանների գործառույթների պատշաճ կատարման համար առանձնացվում է երեք քայլ. կառավարության` դատարաններին հրահանգներ չտալու պատրաստակամությունը, դատավորների կողմից անձնական կամ խմբային շահերով դատական ակտեր կայացնելու բացառմանը ուղղված «վերահսկողությունը» և դատավորների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Նախ՝ տվյալ գնահատականը ամբողջ դատական համակարգին, այլ ոչ թե առանձին դեպքերին, արդարացված չէ, առավել ևս, երբ խոսքը Սահմանադրությամբ ամրագրված իշխանության՝ անկախ և ինքնուրույն գործող հաստատության մասին է: Երկրորդ՝ չի ներկայացվում, թե գործնականում որոնք են այն մեխանիզմները (այդ թվում` օրենսդրությամբ նախատեսված կամ օրենքով չկարգավորված), որոնք կիրառվել են իշխանության առանձին մարմինների և պաշտոնատար անձանց կողմից՝ միջամտելու արդարադատության իրականացմանը, ինչը սահմանադրությամբ արգելված և քրեական պատասխանատվություն նախատեսող գործողություն է: Երրորդ՝ որո՞նք են այն համակարգային բարեփոխումները, որոնք կբացառեն նման ճնշումները, քանի որ որքան էլ քաղաքական կամքը կարևոր է, այն կրում է անձնավորված բնույթ, հիմնավորվում է քաղաքական ընտրություններով, որոնք տարբեր ժամանակներում տարբեր արդյունքների են հանգեցնում, ինչպես նաև այն, որ հաճախ այդպիսի «կամքը» կարող է «սայթաքել»: Կարևոր է նաև ներկայացնել դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող՝ սոցիալական և նյութական ապահովության համակարգում առկա խնդիրների լուծումները: Չորրորդ՝ արդար դատաքննության սկզբունքի ներքո ի՞նչ հնարավոր իրավական հետևանքների կարող են հանգեցնել այն դատական ակտերը, որոնք ըստ էության անօրինական են ընկալվում:

2. Բացի նշվածից՝ այս բաժնում բացակայում են մի շարք առանցքային հարցադրումների պատասխաններ։ Մասնավորապես՝ ի՞նչ մեխանիզմներով է երաշխավորվելու մարդու՝ ինչպես հիմնական, այնպես էլ ածանցյալ իրավունքների անխոչընդոտ իրացումը գործադիր իշխանության մակարդակում (վարչական կարգով իրավունքների պաշտպանություն), ինչպե՞ս է կառավարությունը տեսնում պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող ջրային ռեսուրսների և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավազորությունների իրացումը` ի շահ ներկա և ապագա սերունդների, իրավունքների պաշտպանության մինչդատական փուլերում ի՞նչ վերափոխումներ են լինելու, ի՞նչ սկզբունքներով և մեխանիզմներով քրեական արդարադատության համակարգը կերաշխավորի հանցանքի համար համարժեք պատժի սահմանումն ու կիրառումը: Դատապարտյալների սոցիալականացման (ներառյալ աշխատանքի միջոցով բարիքներ ստեղծելը, պատժի կրումից հետո անձի կողմից այլևս հանցագործություն չկատարելու պատրաստակամությունը և այլն), քրեակատարողական հիմնարկների, ազատությունից զրկելու ոչ իրավաչափ դեպքերը բացառելու, խափանման միջոցը պատժի հետ չնույնացնելու, ինչպես նաև անչափահասների հարցերով քրեական արդարադատության համակարգի ի՞նչ վերափոխումներ է պատկերացնում գործադիր իշխանությունը: Վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանության համակարգում ի՞նչ վերանայումներ են նախատեսվում: Հատկապես փաստաբաների գործունեության խոչընդոտները (կազմակերպական, ֆինանսական և այլն) վերացնելու, նոտարական գործունեության ոլորտը վերափոխելու, համաներման նախաձեռնության իրավակարգավորման, ներման ինստիտուտի զարգացման, տուժողի և/կամ նրա իրավահաջորդի իրավունքների ու շահերի պաշտպանության համակարգի զարգացման ի՞նչ մոտեցումներ են նախատեսվում առաջիկա տարիներին:

3. Այս բաժնում ակնհայտ շփոթ կա իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն սկզբունքների միջև: