Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսլամական քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն հերքել է այն տեղեկությունները, թե 13-ամյա հայ Արթուրին դավանափոխ են արել առանց ծնողների գիտության. հաղորդում է haberler.com կայքը:
Մայիսի 12-ին իշխանամետ ATV հեռուստաալիքի եթերթւմ Հաթիփօղլուն հրապարակային կրոնափոխ էր արել Արթուրին և նշել, որ ստացել է ծնողների համաձայնությունը: Այս դեպքը մեծ արձագանք էր գտել ոչ միայն Թուրքիայի աշխարհիկ և իսլամական շրջանակներում, այլև Հայաստանում, ինչից հետո Արթուրի մայրը` Ալինա Ենգիբարյանը, հայտարարել էր, որ տեղյակ չի եղել դրանից, և որ իր որդուն խաբելով են տարել այդ հաղորդմանը:
Դեպքից հետո ԹԱՄԺ պատգամավոր Կարո Փայլանը բողոք էր ներկայացրել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ` այդ դեպքն անվանելով «երեխայի շահագործում»: Թուրքիայի ՄԻՊ գրասենյակն այս դեպքի առթիվ ծանուցում էր ուղարկել ոստիկանություն:
Հաթիփօղլուն այս դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ երեխան «սեփական պահանջով և ծնողների համաձայնությամբ է մուսուլման դարձել», ոչ ստիպողաբար: «Քննարկվող մարդու վերաբերյալ ինձ տեղեկություններ են տվել ուղիղ եթերից առաջ: Ես էլ, երեխայի ընտանիքին զանգահարելով, ասել եմ, որ անհրաժեշտ է նրանց թույլտվությունը: Մեր հաղորդման աշխատակիցն ասաց, որ զանգահարել է նրա մորն ու խորթ հորը և հայտնել, որ նրանց երեխան ցանկանում է մուսուլման դառնալ: Եկավ հաղորդմանը, ազատ կամքով երիտասարդ է: Մայրն ու խորթ հայրն էլ համաձայնություն տվեցին: Սակայն դեպքից հետո ի հայտ եկած արձագանքներից հետո ընտանիքը փոխեց իր ասածը: Որոշ մարդկանց ասածները, թաղամասի ճնշումները և սոցցանցերում գրվածները ազդեցին ընտանիքի որոշման վրա»,- հայտարարել է Հաթիփօղլուն:
Նա նաև հավելել է, որ դեպքի առթիվ հանդիպել է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ: «Այժմ պետք է աջակցենք այդ ընտանիքին: Չպետք է նրանց ճնշենք: Մեր հայ քաղաքացիները մեր երկրի հարգարժան քաղաքացիներն են: Պետք է միասին գործենք: Արամ Աթեշյանի հետ էլ զրույց ենք ունեցել»,- ասել է հաղորդավարը:
Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ հանդիպում են ունեցել Էրդողանի և Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի հետ, որոնք նշել են, որ կհետաքննեն դեպքը: