կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 17:23
Քաղաքական

Վարչապետը մանիպուլացրեց. Մարուքյանը` Փաշինյանի ելույթի մասին

Վարչապետը մանիպուլացրեց. Մարուքյանը` Փաշինյանի ելույթի մասին

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ծրագրի վերաբերյալ եզրափակիչ ելույթն ընդդիմության նկատմամբ «անհանդուրժող» է որակում:

Կառավարության ծրագրի հաստատումից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ վարչապետը խրախուսեց «Իմ քայլը» խմբակցության «տոտալ անհանդուրժող որակը»։ Մարուքյանն ընդգծեց, որ խորհրդարանն  այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են, և նա վստահ է, որ խորհրդարանի մեծամասնությունը կսթափվի, կհասկանան, որ սա այն տեղը չէ, որ ինչ-որ մեկը գա ու իրենց ասի` ինչ անեն, ինչ չանեն։

«Վարչապետի հայտարարությունը, թե մենք պաշտպանում ենք  նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, մանիպուլյացիա է: Մանիպուլացվեց, որ իբր մենք ուզում ենք արդարացնել Սերժ Սարգսյանին: Ես պատմական էքսկուրս էի կատարել և ասել, որ միշտ մեղավոր է եղել երկրի առաջին դեմքը: Բայց եղել է հեղափոխություն, և հեղափոխության լիդերն ասում է՝ էլ առաջին դեմքը մեղավոր չի լինելու, մեղավոր է լինելու մարդը, որ չի նախաձեռնել, քայլ չի արել: Իմ ելույթը դրա մասին էր, բայց նա մանիպուլացրեց»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Վատիկանի դրոշի մասով էլ պատգամավորը հորդորեց իշխանություններին` Վատիկանի դրոշը դնել իրենց գրասենյակների առաջ:

«Փաշինյանն ուզում էր, որ մենք է՞լ անընդհատ ծափ տանք իր ելույթին, կառավարության ծրագրին: Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն 3 րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին։ Սա մանկապարտեզ չէ, ոչ մեկին թույլ չենք տալու իրեն այդ ձևով պահել, ու եթե չեն հասկացել, դրա համար ասացի՝ բարի գալուստ խորհրդարան»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը` վարչապետին հիշեցնելով, որ ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ. «Սա ցույց չէ, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար` Փաշինյանը պետք է մի բան անի՝ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի և կառավարիչ Նիկոլ Փաշինյանի դերերի միջև տարանջատում տեսնի։ Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն»:

ԼՀԿ պատգամավորը շեշտեց նաև, որ այժմ ուրացողության ժամանակաշրջան է սկսվել, ու Նիկոլ Փաշինյան ուրանում է իրենց ներդրումը հեղափոխության մեջ։

«Որտե՞ղ է «եփվում» ձեր քաղաքականությունը հեղափոխությունից հետո և այժմ»,- հարց ուղղեցին լրագրողները:  

«Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ «եփվում է» մեր գրասենյակներում, գլուխներում ու երազանքներում։ Կարծում եմ՝ անձամբ Փաշինյանը և մեր մյուս գործընկերները, որոնք մասնակցել են հեղափոխությանը, այս մասին շատ լավ գիտեն։ Կարծում եմ՝ այս էժան խոսակցությունները  պարզապես պլինտուսի մակարդակի են իջեցնում այս կարևոր փաստաթղթի՝ կառավարության ծրագրի քննարկումը։ Հետևաբար, եթե մենք հետագայում էլ այս  ոճով քննարկենք, ուրմեն մենք խայտառակ վիճակում են»,- պատասխանեց Մարուքյանը: