կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 14:08
Իրավական

ՍԴ-ն ապրիլի 9-ին կսկսի Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումի քննությունը

ՍԴ-ն ապրիլի 9-ին կսկսի Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել. հայտնում է պաշտպանական թիմը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:

Դիմումում բարձրացվել են նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները: Գործի դատաքննությունը  սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը: 

Իր հերթին Սահմանադրական դատարանն իր հաղորդագրության մեջ մանրամասներ է հայտնել.

«Սահմանադրական դատարանը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի հունվարի 17-ին)՝ խնդրելով. «....որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

 2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, հատկապես, կալանավորման մասով, որն անձի նկատմամբ կիրառվում է կոնկրետ ժամկետով (այն չի կարող լինել երկու ամսից ավելի), ենթակա են բողոքարկման, և դրանց քննությունը պետք է ունենա հստակ առանձնահատկություններ, այդ թվում` ժամկետային առումով:

Ըստ դիմողի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի քննության, այդ թվում` վերաքննիչ դատարանի կողմից կալանքի օրինականության և հիմնավորվածության ստուգման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա են առանձնահատուկ կարգավորումներ, մինչդեռ սույն գործով վիճարկվող և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված կարգավորումներով՝ Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնելու մասով առանձնահատկություններ առկա չեն:

Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանն ազատ է որոշելու վարույթ ընդունելու ժամկետների հարցը` սահմանափակված լինելով մինչև երեք ամիս ժամկետով, իսկ վարույթ ընդունելու դեպքում՝ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու մասով, առհասարակ որևէ ժամկետային կարգավորում առկա չէ և ամբողջովին թողնված է Վճռաբեկ դատարանի հայեցողությանը:

Դիմողը վկայակոչում է դատական պրակտիկայում արձանագրված դեպքեր, երբ Վճռաբեկ դատարանը կալանքի օրինականության քննության ընթացքում գտել է, որ դրա կիրառումը եղել է ոչ հիմնավոր և չպատճառաբանված, սակայն այդ փուլում ոչ միայն ավարտված է եղել կալանքի ժամկետը, այլ նաև անձի նկատմամբ արդեն կայացված է եղել դատավճիռ:

Արդյունքում՝ ըստ դիմողի, խաթարվում է անձի անձնական ազատության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական իրավունքները և դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման սահմանադրական պահանջը:

Դիմողը գտնում է, որ օրենսդրի հստակ կամքը և մոտեցումն այն է, որ գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը պետք է լինեն տարբերակված: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշումը, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի համար նախատեսված լիազորություններն իրացման ենթակա են գործն ըստ էության չլուծող դատական ակտերի մասով, կարող է խաթարել դրանց տարանջատման օրենսդրական իրավաչափ նպատակը և, ի թիվս այլնի, հանգեցնել արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման, այդ թվում` ողջամիտ ժամկետներում գործի քննության տեսանկյունից:

Ըստ դիմողի` Վճռաբեկ դատարանը նման մեկնաբանությամբ, փաստացի ստանձնելով օրենսդրական գործառույթ, իր համար սահմանում է նոր լիազորություն (մասնավորապես, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կարող է մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը և գործն ուղարկել վերաքննիչ դատարան նոր քննության` ինչը սահմանված է գործն ըստ էության լուծող դատական ակտերի համար):

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքեր: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածները, Սահմանադրական դատարանը ՈՐ Ո Շ Ե Ց.

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի ապրիլի 9-ին` ժամը 10.00-ին:

 3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Գյուլումյանին:

4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա` գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

 5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին»: