Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսահայ մտավորական, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը տեղափոխվել և ապրում է Հայաստանում, Yerkir.am–ին տված հարցազրույցում փաստում է, որ Սփյուռքի նախարարության հետագա ճակատագրի կամածին որոշմամբ հնարավոր է իրարից հեռանան Մայր հայրենիքն ու աշխարհասփյուռ հայությունը:
- Ձեր ունեցած տեղեկատվության համաձայն` Սփյուռքի նախարարության փակման որոշումն ինչպե՞ս է ընդունվել սփյուռքյան համայնքներում։
- Ինչպես սպասվում էր, այդ որոշումը բացասական ազդեցություն թողեց սփյուռքահայերի վրա: Սփյուռքահայերը զրկվեցին այն միակ կառույցից, որն իրենց համար նախատեսվել էր տարիների սպասումից հետո: Այս նախարարության միջոցով էր Հայաստանի ղեկավարը դարձել «համայն հայության»` 10 միլիոն հայության ղեկավար և Հայաստանի «սահմանների» մեջ էր ներգրավել բովանդակ աշխարհը: Այժմ նա իրեն դարձրեց հայ ազգի 1/3-ի, 3 միլիոն հայի ղեկավար և «թքեց» մնացած 2/3-ի վրա:
- Ի՞նչ վտանգներ է պարունակում Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը հայրենիք-սփյուռք կապերի առումով։
- Այս որոշումով նորից իրարից անջատվեցին Հայաստանն ու սփյուռքը, և սփյուռքում նորից է խոսվում «իրենց» պետական կառույցները, այսինքն` «Արևմտահայաստանի կառավարություն» ունենալու անհրաժեշտության մասին: Իհարկե, այս փուլից հետո արդարացի կլինի նման որոշումը: Արդեն վաղուց գնում է հակաղարաբաղյան քարոզչություն Հայաստանում, ինչը մեզ կարող է հասցնել լիակատար անջատման, իսկ այժմ Հայաստանի կառավարությունն իրեն տարանջատում է սփյուռքից: Ո՞ւր մնաց Միացյալ Հայաստանի գաղափարը, թե՞ նոր Հայաստանում դա էլ է արդեն հնացած լոզունգ:
- Առաջարկվող տարբերակի մասին ի՞նչ կասեք։
- Այն, ինչն առաջարկվում է, ուղղակի ծիծաղելի է: Դա մարդկանց հիմարի տեղ դնել է: Այն, ինչ չէր լինում մի ամբողջ նախարարության միջոցով, պիտի անի վարչապետին կից ինչ-որ մե՞կը: Ասում են` լավ չէր աշխատում, թերություններ ուներ: Բա ինչի՞ համար եք եկել իշխանության: Չէ՞ որ ամեն ինչ վատ էր, սխալ էր, և դուք պիտի ուղղեիք: Փաստորեն, ինչը վատ էր աշխատում, վերացնում ենք, և ստացվում է, թե դա ուղղե՞լ եք: Ամբողջ երկրում ոչ մի բան էլ լավ չէր աշխատում, ուրեմն վերացնե՞նք այս երկիրը, ու լա՞վ կլինի: Դա՞ է մեր ուզածը:
- Ձեր կարծիքով` ո՞րն է ելքը:
- Շատ պարզ. անել խոստացվածը, ուղղել բոլոր թերությունները և Հայաստանը դարձնել օրինակելի երկիր: Այսօրվա վարչապետը, երբ ընդդիմության մեջ էր, լավ գիտեր, թե որտեղ ի′նչն է սխալ: Ամեն օր թվեր ու անուններ էր տալիս: Այդ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ մոռացավ, երբ իշխանություն դարձավ: Այժմ ասում է` ստուգենք, հաշվարկենք: Այժմ քանդում են լավ չաշխատող կառույցները: 30 տարի է քանդում են, իսկ ե՞րբ են սկսելու կառուցելը: Քանդելու փոխարեն` ավելի լավ չէ՞ր լինի ուղղել, վերակառուցել: 9 ամսվա մեջ շատ բան կարելի էր անել, սակայն վրեժխնդիր լինելուց, անհատական հաշիվներ մաքրելուց այն կողմ դեռ բան չտեսանք:
Մ.Հ.