Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից հանելու առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպեց և իր դիրքորոշումը հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում տառապել է հիվանդությամբ, որը կոչվում է ակադեմիական էգոիզմ: Ամեն ոլորտի մասնագետ, ըստ Խաչատրյանի, մտածել է, որ հենց իր առարկան է ամենակարևորը:
Փորձագետն, ընդհանուր առմամբ, առարկայից հրաժարվելուն կողմ չէ, բայց նշում է, որ բովանդակության ու մատուցման ձևի մեջ վերանայումներ պետք է լինեն: ««Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որոշակի բովանդակություն կարելի է ներառել «Հայոց պատմություն» առարկայի դասընթացի մեջ, իսկ որոշակի գիտելիքներ, որոնք բուն կրոնական են, աշակերտները կարող են առանձին դասընթացով անցնել: Այս կերպ երեխան ավելի ամբողջական կարող է տեսնել եկեղեցու դերը: Իսկ բուն կրոնական գիտելիքների համար կարող են ստեղծել «Կրոնների պատմություն» դասընթացը»,- կարծիք հայտնեց նա:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ այսօրվա դպրոցները կարող են գիտելիք տալ, բայց հավատք` ոչ, որովհետև դրա ներուժը չունեն: «Դպրոցը չի ստեղծվել հավատք սովորեցնելու համար: Դպրոցում մենք կարող ենք կրոնը դասավանդել` որպես գիտելիք, բայց դպրոցը չի կարող երեխային քարոզի միջոցով ինչ-որ բաներ սովորեցել»,- ասաց նա:
Հասարակությունը, կրթության փորձագետի դիտարկմամբ, պառակտված է. մի մասը կողմ է առարկայի դասավանդմանը, մյուս մասը` ոչ, իսկ նման իրավիճակում պետք է հասկանալ, թե ինչ տեսակի գիտելիքներ են անհրաժեշտ երեխային: «Անշուշտ, երեխային պետք են նաև հոգևոր գիտելիքներ, որոնք միայն կրոնով չեն սահմանափակվում»,- ընդգծեց Խաչատրյանը:
Yerkir.am-ի հարցին, թե, բացի գիտելիք ստանալու գործոնից, կարիք չկա՞ առարկայի վրա ուշադրություն դարձնել` հաշվի առնելով ազգային արժեքների պահպանման հարցը, նա արձագանքեց. «Ազգայինը պահելու շատ ավելի լավ ձևեր կան, քան դպրոցն է: Երկրի միջավայրը շատ ավելի մեծ դեր կարող է ունենալ ազգայինի պահպանման համար, քան դպրոցը: Եթե, օրինակ, երեխան տեսնում է, որ իր ուսուցիչը կամ մայրը եկեղեցի են մտնում առանց գլխաշորի, բայց քարոզչի միջոցով փորձում են քրիստոնյա դարձնել, դա հակառակ ազդեցությունն է ունենալու»: