կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 12:51
Հասարակություն

Սմբատ Գոգյանն ավելի շուտ աշխատանքից դուրս կգա, քան կոռուպցիոն գործարքների մեջ կներքաշվի. Սերոբ Խաչատրյան

Սմբատ Գոգյանն ավելի շուտ աշխատանքից դուրս կգա, քան կոռուպցիոն գործարքների մեջ կներքաշվի. Սերոբ Խաչատրյան

Սկզբունքորեն այն մոտեցման կողմնակիցն եմ, որ պետք է որոշակի վստահության քվե տալ այն մարդկանց, ովքեր նշանակում են պաշտոնյաներին, այս դեպքում՝ վարչապետին, այսինքն՝ պետք է սպասել՝ մինչև որոշակի ժամանակ անցնի, և կտեսնենք՝ ինչպես են նշանակվածները դրսևորվում: ԲՈԿ-ի ղեկավարի նշանակման մասին խոսելով՝ ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին, ապա Խաչատրյանը գործի բերումով նրան ճանաչում է շուրջ 20 տարի, երբ Գոգյանը դեռ աշակերտ էր: «Այդ ժամանակ ես «Կրթություն» թերթի խմբագիրն էի, և Սմբատը մաթեմատիկայի համաշխարհային օիմպիադայում մեդալ էր նվաճել: Շատ տաղանդավոր տղա է, համաշխարհային օլիմպիադայում մեդալ նվաճելը խաղ ու պար չէ: Բացի այդ՝ նրա նման շատերը, ովքեր մեդալ են նվաճել, այսօր Հայաստանում չեն ապրում. ես հաշվարկ եմ արել՝ համաշխարհային օլիմպիադաներում մեդալ նվաճած երեխաների մոտ 80 տոկոսը Հայաստանից գնացել է: Այդ կարգի երեխաների համար կան որոշակի արտոնություններ, և նրանք հեշտությամբ կարող են ընդունվել աշխարհի ցանկացած համալսարան»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ լավ էր՝ Սմբատը մնաց Հայաստանում, աշխատեց մի շարք դպրոցներում՝ «Քվանտ»-ում, ֆիզմաթում:

Բացի այդ, նրա խոսքով, Սմբատ Գոգյանը նաև պրպտող մարդ է՝ ստեղծել է մաթեմատիկայի դասավանդման նոր մոդելներ, իր դպրոցն ունի՝ հիմնված այդ նոր մոդելների դասավանդման վրա, և ղեկավարում է Հայաստանի մաթեմատիկայի օլիմպիական թիմը: «Նա մի մարդ է, ով նվիրվել է Հայաստանին, աշխատում է սովորական դպրոցներում՝ սովորական աշխատավարձով: Նա նաև քաղաքացիական շատ շարժման է ակտիվ եղել և լավ գիտնական է: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի՞ ղեկավար կլինի, չեմ կարող կանխատեսել և խորհուրդ կտամ սպասել, քանի որ նույնիսկ ամենալավ մարդը կարող է պաշտոնում ձախողվել, և հակառակը: Սակայն ես գիտեմ, որ Սմբատը շատ սկզբունքային մարդ է, և վստահ եմ, որ ավելի շուտ աշխատանքից ազատվելու դիմում կգրի, քան կոռուպցիոն գործարքների մեջ կներքաշվի»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նոր նշանակումների առումով կարևորն այն է, թե ինչպիսի թիմային հարաբերություններ կստեղծվի և ինչպիսի թիմային հարաբերությունների դինամիկա կունենա նոր կառավարությունը: խաչատրյանի հավաստմամվ՝ եթե դինամիկան լավը եղավ, առանձին անհատների թերացումները կարող են լուրջ ազդեցություն չունենալ, բայց եթե այն լավ չլինի, ամենաուժեղ պրոֆեսիոնալներն էլ կարող են ձախողվել:

Yerkir.am-ի հարցին, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ կատարել՝ Խաչատրյանը նշեց, որ ԲՈԿ-ի հետ կապված մեծ բանավեճ կա և կա տեսակետ, որ կառույցը մեզ պետք չէ՝ այն պետք է լուծարել և այդ դերը վստահել մասնագիտական խորհուրդներին: Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանում դեռևս պատրաստ չենք դրան: «ԲՈԿ-ի հիմնական խնդիրը պետք է լինի անորակ դիսերտացիաների դեմ պայքարը, քանի որ երբ նայում ենք վիճակագրությունը, Հայաստանում ֆանտաստիկ թեմաներով ու քանակով դիսերտացիաներ են պաշտպվանում: Օրինակ, տնտեսագիտությունից շատ-շատ են պաշտպանում, բայց տնտեսության վիճակը շատ վատ է, ինչը նշանակում է՝ պաշտպանված դիսերտացիաների որակը շատ թույլ է: Կուզենայի, որ պահանջնեորը խստացվեր, քանի որ հիմա գիտական կոչումների արժեզրկում ունենք, ինչի դեմ պետք է պայքարել»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ մարդիկ արդեն սկսել են մտածել, որ գիտական կոչում ստանալը հեշտ բան է, դրա համար պետք է վերահսկողությունը խստացվի: