Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության նախարարությունը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը իրենց էություններով բավականաչափ տարբեր են: Գյուղատնտեսությունը շատ պրակտիկ նախարարություն է, իսկ տնտեսական զարգացմանը՝ ավելի փաստաթղթային. չի կարելի դրանք միավորել իրար հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Գյուղնախարարությունը շատ պրակտիկ է, ամեն օր շփվում է գյուղացիների հետ, լուծում է նրանց խնդիրները: Այլ խնդիր է, թե որքանով է լավ կամ վատ կատարել իր գործառույթները: Իմ կարծիքով՝ բավականաչափ թերություններով է իրականացրել, բայց եթե մարդը թեփոտ է, այդ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը գլուխը կտրելը չէ: Իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ավելի փաստաթղթային նախարարություն է: Չի կարելի այս երկուսը միավորել իրար հետ, դրանք տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց 2 բազմություններ են, միավորելն օգուտ չի տա»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ մոտ ժամանակներում Ազգային ժողով կուղարկվի Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը կրճատել՝ 17-ից դարձնելով 12: Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսվում է միացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ աշխարհի երկրների մեծամասնությունում գյուղատնտեսության նախարարությունն առանձին նախարարություն է, իսկ ՀՀ-ի պարագայում առանձին գյուղնախարարություն ունենալը շատ ավելի կարևոր է:
«Մեզ մոտ շատ ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ում կամ Կանադայում, որովհետև մեր ՀՆԱ-ի 15 տոկոսը գալիս է գյուղատնտեսությունից:
Արթուր Խաչատրյանը նկատում է նաև, որ նախարարությունների կրճատումից հետո հազարավոր քաղաքացիներ դառնալու են գործազուրկ, առաջանալու է սոցիալական խնդիր:
«Կրճատված մարդկանց ի՞նչ ենք անելու: Պետությունն այդ մարդկանց օգտագործել է, մարդը բուհն ավարտել է, եկել է, աշխատել, պետությունը նրան որոշակի ապահովություն է խոստացել, հիմա ասում է՝ դու ինձ այլևս պետք չես, հանում, դուրս ես շպրտում»,- ասաց նա:
Բացի նախարարությունների կրճատումից, քաղաքական դաշտում քննարկվում է նաև ուժային կառույցների կարգավիճակի հարցը: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությունը դարձնել նախարարություն, բայց իշխանությունների խոսքով՝ դա կբերի ուժային կառույցների քաղաքականացման: «Իմ քայլը» ևս համաձայն է սուպերվարչապետական համակարգից հրաժարվելուն: Ըստ խմբակցության՝ ուժային կառույցները պետք է վարչապետի ենթակայությունից հանվեն և կառավարության կամ խորհրդարանի հսկողության տակ լինեն:
«Սուպերվարչապետական համակարգը պետք է կազմալուծվի և լինի նորմալ, քաղաքակիրթ վարչապետական համակարգ, այսինքն՝ ուժային կառույցները ենթակա լինեն կառավարությանը: Քաղաքականացվելու հիմնավորումը ինձ համար հասկանալի չէ: Պաշտպանության նախարարությունը կարող է քաղաքականացվել, ոստիկանությունը՝ ո՞չ: Այդ դեպքում ինչու է պաշտպանության նախարարը քաղաքական մարդ, ոչ թե զինվորական: Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է լինեն կառավարության կազմում, որպեսզի պատասխանատվություն լինի կառավարության առջև և այդ խողովակով նաև պատասխանատու լինի ԱԺ-ին»,- նշեց Արթուր Խաչատրյանը: