կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 17:32
Հասարակություն

Սա է իմ հայրենասիրության արտահայտումը. Ալեն Սիմոնյանը` օրհներգը փոխելու նախաձեռնության մասին

Սա է իմ հայրենասիրության արտահայտումը. Ալեն Սիմոնյանը` օրհներգը փոխելու նախաձեռնության մասին

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին անդրադարձավ օրհներգը փոխելու նախաձեռնությանը` նշելով, թե հանրային քննարկումը ստացվել է, ինքն էլ այդ քննարկումից հետևություններ արել է: Ավելին` նա միջանկյալ տարբերակ ունի, որի մասին, սակայն, դեռևս մանրամասներ չի հայտնում: «Հենց վերջնական տարբերակին բերվի, ես դա հանրությանը կներկայացնեմ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Լրագրողներից մեկը ԱԺ փոխնախագահին խնդրեց նշել նոր Հայաստանի հինգ կարևորագույն խնդիրները: «Հաստատ հինգ կարևորագույն խնդիրների մեջ չի մտնում օրհներգ փոխելը, եթե ձեր հարցը դրան է վերաբերում: Ինչպես նաև առաջին նախագահը նշեց` շատ ավելի կարևոր խնդիրներ կան կամ հազարավոր շատ ավելի կարևոր խնդիրներ: Միանշանակ է, որ այդ խնդիրները միշտ լինելու են, և դա չի նշանակում, որ Ալեն Սիմոնյանը, որն օրենսդրական նախաձեռնություններ է բերել Մարտի 1-ի, ՊՊԾ գնդի հետ կապված և այլն, չի հասկանում, որ ավելի կարևոր խնդիրներ կան: Իհարկե, կան: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է չզբաղվենք և չքննարկենք»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, որ օրհներգն օրակարգ բերելը սկսվել է հասարակ հայրենասիրությունից, ապա հիշեց Կոմիտաս վարդապետին, որը «19-րդ դարում, բազմաթիվ խնդիրների ներքո, Թուրքիայում հայկական երաժշտությունը տարանջատում էր համաշխարհային երաժշտությունից»: Հետո անդրադարձավ Արամ Խաչատրյանին, որը ընդվզել է Խորհրդային Միության դեմ և ՀԽՍՀ հիմնի հիմքում դրել քրիստոնեական շարական`«Քրիստոս մեր մեջ հայտնեցավ»-ը: Ըստ նրա` այս ամենը մենք չպետք է անտեսենք և «Իտալացի աղջկա երգը» դարձնենք մեր պետության հիմն: «Սրանք են իմ հիմնավորումները, սա է իմ վերաբերմունքը, սա է իմ հայրենասիրության արտահայտումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը: