Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղի ունեցավ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Հայբուսակ» համալսարանի առաջին ռեկտոր Լևոն Հարությունյանի հեղինակած «Արցախի ֆլորան» գրքի շնորհանդեսը:
Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքով` եթե իրեն՝ որպես հեղինակի դստեր, մարդու, ով ներկա է եղել գիրքը գրելու ողջ ընթացքին, հարցնեն՝ ինչի՞ մասին է «Արցախի ֆլորան», կպատասխանի՝ հայրենասիրության: Ըստ նրա՝ գիրքը թերթելով՝ կարելի է դառնալ հայրենասեր, գիրքը ձեռքը վերցնելով՝ կարելի է զգալ, թե ինչո՞ւ է հայրն անդրադարձել այդ թեմային:
«Հայաստանը գուցե և մեծ չէ, բայց ուսումնասիրության կարիք ունի, հատկապես` գիտնականների կողմից: Այն մասշտաբի գիտնականը, ինչպիսին էր Լևոն Հարությունյանը, դեռ շատ թեմաներ ուներ զարգացնելու, և նրա ձեռագրերից էլ է դա երևում: Սակայն այդ տարիներին, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, նա՝ որպես գիտնական, զգաց Արցախի մասին գրելու կարիքը, որ ցույց տա համայն հայությանը և ողջ աշխարհին՝ ինչ է իրենից ներկայացնում Արցախն` իր ֆլորայով»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ գրքի առաջաբանում հստակ ներկայացված է՝ ինչ է Արցախը. «Գրված է, որ Արցախը եղել է, կա ու լինելու է մեր անբաժանելի մասը՝ հենց իր ֆլորայով, հողով, բնակչությամբ: Ես՝ որպես այդ գործին շատ մոտ կանգնած մարդ, կարծում եմ, որ ժամանակն ինքը թելադրեց «Արցախի ֆլորան» գրել»:
Անահիտ Հարությունյանը հիշեց նաև, որ Արցախյան ազատամարտի առաջին օրերին հայրն ուզում էր անդամագրվել որևէ խմբի՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով, սակայն հոր պնդմանը կոռեկտ ձևով պատասխանել էին, որ գիտնականներին չեն տանելու բանակ: «Հայրիկիս ասել էին՝ Դուք մեզ պետք եք այստեղ. ոչ թե ճակատում, այլ պետք է լինեք Ձեր տեղում և անեք Ձեր գործը: Կարծում եմ՝ հայրս զենքով չկռվեց, բայց ստեղծեց մի հրաշալի խաղաղ զենք, որն ամեն մեկի ձեռքին կարող է շատ մեծ գործ կատարել: Հայրենասեր է նա, ով իր տեղում իր գործն է անում բարեխղճորեն: Իմ կարծիքով՝ «Արցախի ֆլորան» հենց սրա մասին է, որ նույնիսկ մոմի լույսի ներքո ստեղծվել են գրքեր, կտավներ, ֆիլմեր»,- ասաց նա:
Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, Կրթության միջազգային ակադեմիայի գիտության գծով պրոռեկտոր Պետրոս Ղազարյանի խոսքով՝ «Արցախի ֆլորան» գունավոր պատկերներով աշխատության մեջ ներառված է Արցախի և պատմական Արցախի տարածքում աճող ավելի քան 2200 տեսակ: Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ Հարությունյանն ավելի քան 50 մենագրությունների, բուհական դասագրքերի, բառարանների, մեթոդական ձեռնարկների, 340 գիտական հոդվածների հեղինակ է:
«Լևոն Հարությունյանի վաստակը մեծ է Հայաստանում և Արցախում աճող դեղաբույսերի դասակարգման, տիպերի և դասերի որոշման, ինչպես նաև նրանց արդյունավետության գնահատման գործում: «Արցախի ֆլորան» Արցախի վայրի բույսերի որոշիչ է, այսինքն՝ բույսերի հատկությունների և հատկանիշների վերծանման միջոց, որը բացահայտում է նաև գործնական բժշկության մեջ, մասնավորապես` բուսաբանության, բուսաբուժության ոլորտում շատ տեսակների օգտագործման հնարավորությունը: Անկասկած, այս գիրքը մեծ ճանաչում ու համբավ է ունենալու շահագրգիռ ընթերցողների շրջանակներում՝ նպաստելով բուսաբանական գիտելիքների խորացմանը և նոր մասնագետների պատրաստմանը»,- ասաց Ղազարյանը:
«Արցախի ֆլորան» գրքի համահեղինակ, «Հայբուսակի» բազային դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, բազային քոլեջի տնօրեն Աննա Հարությունյանի խոսքով էլ՝ հայրենասիրական մեծ արտահայտում կա գրքում, որը զգացվում է գրքի առաջին իսկ էջերից: «Գրքի առաջին էջերում շատ էմոցիոնալ վերաբերմունք կա Արցախի և այն ամենի նկատմամբ, ինչ կապված է Արցախի հետ: Խնդրում եմ՝ դրան վերաբերվել մի փոքր ըմբռնումով, քանի որ ով մի փոքր շփվել է հայրիկիս հետ, շատ լավ գիտի նրա հայրենասիրական նկրտումների մասին: 1995-ին, ցավոք, երբ հայրիկս Արցախ այցելեց հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով, չկարողացավ, քանի որ ամբողջ դաշտերն ու անտառներն ականապատված էին: Այսինքն՝ կարող ենք ասել, որ դրանից հետո հետազոտական աշխատանք մինչ օրս չի արվել»,- ասաց նա:
Աննա Հարությունյանը հավելեց նաև, որ «Արցախի ֆլորան» երկհատորյակը Լևոն Հարությունյանի ամբողջ կյանքի ուսումնասիրությունների, նպատակների ամփոփիչ աշխատանքն է:
Գրող, հրապարակախոս, Լևոն Հարությունյանի ընկերներից Վրեժ Սարուխանյանը հիշեց, որ երբ 1981-ին աշխատում էր հեռուստատեսությունում, խմբագիրն իրեն ծանոթացրեց Հարությունյանի հետ ու ասաց, որ այսուհետ Հայաստանի բնության մասին պետք է ամեն շաբաթ հաղորդումներ եթեր գնան: «Ես պետք է Լևոնի խմբագիրը լինեի, ու այնքան լավ էր՝ ոչինչ չէի անում, նա գալիս էր, սկսում խոսել Հայաստանի բնության մասին, և ինձ մնում էր միայն նշան տալը, որ արդեն եթերաժամին հատկացված ժամանակը լրացել է: Նրա մեծ մտքի համար ժամանակը միշտ քիչ էր լինում: Առհասարակ, գիտությունը հոգու տաճար է, իսկ կրթությունը՝ դեպի այդ տաճարը տանող ճանապարհ: Լևոն Հարությունյանն այն ճանապարհն էր, որ տանում էր դեպի այդ տաճար»,- ասաց Սարուխանյանը:
Նրա ձևակերպմամբ՝ այսօր ով ասես գրիչ է վերցնում, բայց, թանաքը դեռ չչորացած, գրածը մեռնում է, իսկ հեղինակը շարունակում է ապրել: Բայց, ըստ Սարուխանյանի, մարդ էլ կա, որ գրում է, և նրա գրածը նրա կյանքից հետո մի քանի սերունդների ուղեծիրն է դառնում. այդպիսին էր Լևոն Հարությունյանը: «Նա կարողացավ այդ ոլորտի դիրիժորը դառնալ»,- խոսքն ամփոփեց գրողը:
Ըստ բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դանիելյանի՝ Լևոն Հարությունյանը Հայաստանում նաև էկոլոգիական գիտական մտքի ձևավորման, էկոլոգիական շարժման ձևավորման մասնակից է: Բնապահպանի կարծիքով՝ «Արցախի ֆլորան» ունի թե´ գիտական, թե´ էկոլոգիական ու կենսաբանական, բայց նաև քաղաքական նշանակություն, ինչը խոսում է Հայաստան-Արցախ միասնության մասին նաև այս մակարդակում: «Դեռևս մի 40 տարի առաջ կար «Գիտելիք» ընկերությունը, որը հրավիրում էր մասնագետների, և նրանք էլ շրջում էին Հայաստանով մեկ ու ներկայացնում ժամանակակից գիտության հիմնախնդիրները, դրանց լուծման ճանապարհները: Լևոն Հարությունյանի հետ մոտ 60 նման ելույթներ ենք ունեցել, և հետաքրքիրն այն էր, որ երբ նա զրուցում էր մեծերի հետ, նրա խոսքը գիտնականի խոսք էր, իսկ երբ դպրոցներ էինք այցելում, նրա խոսքն այնպես էր հնչում, ասես պարզապես հայրիկը զրուցեր երեխաների հետ, նա խոսում էր աշակերտների հետ ու նրանց սովորեցնում սիրել բնությունը: Սա խոսում է այն մասին, թե ինչ որակի մարդ ու գիտնական էր նա»,- ասաց Դանիելյանը:
Նշենք, որ «Արցախի ֆլորան» երկհատոր գիրքն առաջիկայում Արցախում էլ կգտնի իր ընթերցողներին: