Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս հեռուստատեսությամբ դիտեցի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթ-առաջարկը ՀՀ պետական օրհներգը փոխելու եւ, փաստորեն, Խորհրդային Հայաստանի օրհներգը վերականգնելու մասին: Լսեցի եւ խիստ մտահոգվեցի ու զայրացա: Վերջին երկու-երեք տասնամյակում այս էլ քանի անգամ, երբ իշխանափոխություն է կատարվում, նման մի հարց է բարձրացվում: Ժողովրդական մի հայտի խոսք կա, թե` ա'յ տղա, երկրի բոլոր երգերը երգել ես, մնում է միայն «Սարի սմբուլը»:
Տնտեսական հեղափոխության նպատակ դրած կուսակցության ներկայացուցիչն այժմ փորձում է ոտնձգել մեր պետական խորհրդանիշերից` «Մեր Հայրենիք» օրհներգին: Իմ տպավորությամբ` այդ երիտասարդն իր բոլշևիկ պապերից ժառանգած կարոտախտ ունի` վերադառնալու կոմունիստական «երանելի» ժամանակներին, որ այդպես էլ չկայացավ և, որպես պատմության անախրոնիզմ, փլուզվեց ու վերացավ:
Հիշեցնեմ, որ ՌԴ-ում Պուտին-Զուգյանով տանդեմը կարողացավ ելցինյան շրջանում ռուսական օրհներգը հեշտությամբ փոխարինել ԽՍՀՄ տերության օրհներգով: Այդ նույն հոգեբանությամբ, ամեն ինչում կրկնելով ռուսներին, փորձ է արվում նույնն անել Հայաստանում: Սա ևս ցույց է տալիս, որ հայն անկախ Հայաստանում հոգեբանորեն դեռևս անկախ չէ:
Երբ խոսվում է մեզանում պետականորեն ընդունված ազգային-պետական օրհներգի կամ մյուս խորհրդանիշերի մասին, այստեղ արդեն չեն կարեւորվում լավ ու վատ տեքստն ու երաժշտությունը: Դա արդեն դառնում է երկրորդական հարց: Այս դեպքում արդեն խոսում է պատմությունը, ազգի ազատության, պայքարի ու հարատևելու ոգի մարմնավորող թեման: Բոլորիս է հայտնի, որ «Մեր Հայրենիք»-ը փոխառնությամբ գրել է ազատության մեր մեծագույն երգիչը: Շատ հնարավոր էր, որ նույնիսկ մի հասարակ գեղջուկ գրեր հայենաշունչ, ազգային ոգի արտահայտող մի բանաստեղծություն, եւ դա այնքան սիրվեր ժողովրդի կողմից, որ հետագայում դառնար պետական օրհներգ:
Պետք է նկատի առնել, որ «Մեր Հայրենիք»-ը մարմնավորում է հայ ժողովրդի դարավոր ազգային-ազատագրական պայքարն իր ազատության եւ անկախության համար: 19-րդ դարի երկրորդ կեսին այդ գաղափարի հետագա վիպական ու բանաստեղծական մարմնավորողները եղան Րաֆֆին, Պատկանյանը, Ծերենցը եւ մյուսները: «Մեր Հայրենիք»-ը որդեգրեցին դարավերջին ձեւավորված հայ ազգային երեք կուսակցությունները, առաջին հերթին` ՀՅԴ-ն: «Մեր Հայրենիք»-ը շուրթերին` կռվում ու զոհվում էին հայ ֆիդայիները: Ինքնապաշտպանական կռիվների ժամանակ այն ոգի եւ շունչ էր տալիս հայ մարտիկներին: «Մեր Հայրենիք»-ը եղել է ժողովրդական ամենասիրված երգը: Աշխարհամարտի տարիներին ռուսական բանակում ծառայող Անդրանիկի, Դրոյի եւ մյուսների կամավորական խմբերն այդ երգով էին գնում Հայրենիքն ազատագրելու: Արդեն օրհներգ դարձած այդ երգով էին կռվում Սարդարապատում ու Բաշ Ապարանում: Եվ, բնականաբար, Հայոց եռագույնի հետ «Մեր Հայրենիք»-ը դարձավ Առաջին Հանրապետության խորհրդանիշը: Առաջին անգամ 1918թ. օգոստոսի 1-ին` ՀՀ խորհրդարանի բացմանը օրը, բազմահազարանոց մարդկանց ներկայությամբ զորահանդես անցկացվեց, և զինվորական երգչախումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք»-ը: Ականատես` բժիշկ Հ. Մելիքյանն իր հուշերում նկարագրում է, որ այդ պահին հուզմունքից ոչ միայն իր, այլեւ հավաքված բազում մարդկանց աչքերից արտասուքի կաթիլներ էին հոսում: «Մեր Հայրենիք»-ով ու Եռագույնով մեծ տոնահանդես կատարվեց նաեւ 1919թ. մայիսի 28-ին` Հայաստանի անկախության առաջին տարեդարձի կապակցությամբ, որտեղ էլ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը ընթերցեց «Միացյալ եւ Անկախ Հայաստանի» հռչակագիրը:
Հանրապետության անկումից հետո խորհրդային-կոմունիստական իշխանությունները 70 տարի ուժով ու սպառնալիքով մոռացության մատնեցին «Մեր Հայրենիք»-ը: Սակայն այն Եռագույնի հետ շարունակեց պահպանվել ու երգվել գաղթաշխարհում` ազգային տոնակատարությունների ժամանակ, հայկական կրթօջախներում, հասարակական ու մարզական կազմակերպություններում:
Արդեն նորանկախ Հայաստանում կրկին որդեգրվեցին Առաջին Հանրապետության խորհրդանիշերը, քանզի մերօրյա անկախ Հայաստանը Առաջին Հանրապետության ուղղակի հոգեւոր ժառանգորդն ու իրավահաջորդն է` իր ողջ արժեհամակարգով: Մեր կարծիքով` երկրորդ հանրապետություն կոչված Խորհրդային Հայաստանն օտարի կողմից հայ ժողովրդին պարտադրված արհեստական պատվաստ էր, քաղաքական ու տնտեսական համակարգ, թերեւս` պատմական մի անախրոնիզմ: Քաղաքական առումով ՀՍԽՀ կոչվածն ընդամենը ԽՍՀՄ կայսրության մի նահանգ էր` ոչ ինքնիշխան, ինքնուրույն, ոչինչ չորոշող, որտեղ, սակայն, հայաստանաբնակներն իրենց ինքնությանը հատուկ աշխատում ու արարում էին: Երբ ոմանք ասում են` Երկրորդ Հանրապետություն, դա պետք է հասկանալ հարաբերական իմաստով: Այն ժամանակ Հայաստանն անկախ ու ազատ էր այնքանով, որքանով մեր օրերում ազատ ու անկախ են Թաթարստանն ու Բաշկորտոստանը ՌԴ-ում:
Այնպես որ` մեծագույն սխալ է հրաժարվել Հայաստանի ներկայիս օրհներգից եւ դարձ կատարել թեկուզեւ երգահան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ Խորհրդային Հայաստանը փառաբանող օրհներգին: Շեշտում եմ` դա քաղաքական, հոգեւոր, նույնիսկ տնտեսական առումներով դարձ է դեպի խորհրդային ժամանակները, որի համար տակավին երազում ու պայքարում են քաղաքականապես տգետ մարդկանց որոշ հատվածներ:
Հիշեցնեմ` «Մեր Հայրենիք»-ի չի կարելի վերագրել ՀՅԴ-ին: Դա մեր ժողովրդի դարերի ու հատկապես մեկուկես դարի ազատության, անկախության, անկոտրում կամքի ու ոգու, պետականության վերականգնման խոսք ու երգի գեղարվեստական արտացոլումն է: Իսկ քանի որ այդ պայքարի գաղափարական ու կազմակերպական ղեկավար գլխավոր ուժը եղել է ՀՅԴ-ն, ուստի այն, կամա թե ակամա, կապվում է Դաշնակցության հետ, քանզի հայոց ավելի քան մեկ դարի պատմությունն անհնարին է պատկերացնել առանց Դաշնակցության: Հիշեցնեմ, որ օրհներգի դեմ պայքարողները չեն լինի, սակայն «Մեր Հայրենիք»-ն ու ՀՅԴ-ն ժողովրդի հետ կլինեն ու կհարատևեն:
Արարատ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատմ, գիտ, դոկտոր, պրոֆեսոր