Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Քննարկվող հարցերից մեկն էլ ՀՀ կառավարության` 2004-ի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելն է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ նախագծով երկու փոփոխություն է նախատեսվում: «Ներդրվում է բուժօգնության փաթեթ, և սոցիալական որոշ խմբերի համար մի շարք բժշկական ծառայություններ կլինեն անվճար: Մասնավորապես` նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և ժամանակավոր կացարաններում բնակվողների` անօթևանների, բռնադատվածների, թրաֆիքինգի ենթարկվածների, կալանավորների համար կգործի նույն փաթեթը, որը ժամանակին գործել է զինծառայողների համար: Այսինքն` հավելյալ 18 թանկարժեք բժշկական ծառայություններ` սրտի, գլխի, աչքի վիրահատությունները, դժվարամատչելի հետազոտությունները կլինեն անվճար»,- ասաց Թորոսյանը:
Նա հայտնեց նաև, որ պետբյուջեից հատկացվել է հավելյալ 1.4 մլրդ դրամ, և ամբողջ փաթեթը կազմելու է 3 մլրդ դրամ: Օրենքի փոփոխությամբ` անվճար համապատասխան բուժօգնություն կստանա 230 000 անձ:
Բացի այդ, ըստ Թորոսյանի, նպաստի համակարգում ընդգրկված` 30 և ավելի բալ ունեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամություն ունեցողները, մինչև 7 տարեկանները, 7-18 տարեկան սոցիալապես անապահով երեխաները, զորակոչային և նախազորակոչային անձինք ստոմատոլոգիական բժշկական օգնություն կստանան առանց համավճարի կիրառման: Առողջապահության նախարարի խոսքով` եթե նախկինում մի մասը պետությունն էր վճարում, մյուս մասը` պացիենտները, օրենքի փոփոխությամբ հիմա այդ ծառայությունների համար ամբողջությամբ պետությունը կվճարի: «Այս ծրագրի համար նախատեսված է 500 մլն դրամ: Երկուսն էլ պետբյուջեից առողջապահությանը հատկացված գումարի աճի շրջանակներում է իրագործվելու»,- ասաց Թորոսյանը:
Առողջապահության նախարարից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս, օրինակ, թրաֆիքինգի ենթարկված անձը պետք է հավաստի իր կարգավիճակը, և ո՞վ պետք է կարգավիճակը հաստատող փաստաթուղթ տրամադրի, քանի որ այս առումով կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր: Թորոսյանը պատասխանեց, որ համապատասխան մարմինն է փաստաթղթեր տրամադրելու, տվյալ դեպքում` ոստիկանությունը: Որոշվեց, սակայն, այդ առումով աշխատանքներ տանել ու ավելի հստակեցնել փաստաթղթեր ստանալու ձևը:
Նշենք, որ որոշումն ընդունվեց միաձայն: