կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 12:43
Քաղաքական

Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը պետք է դառնա մեր համաժողովրդական պահանջը

Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը պետք է դառնա մեր համաժողովրդական պահանջը
Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի ներկայացուցիչները հանդես եկան մամուլի ասուլիսով:
 
ՀՅԴ-ն 33-րդ Ընդհանուր ժողովից հետո հայտարարություն էր տարածել, որում նշվում էր նաև, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է: 
 
Հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում այդ ռազմաքաղաքական դաշինքը, և ինչո՞ւ է հենց այսօր Դաշնակցությունը խոսում այդ մասին, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուսատմյանը պատասխանեց, որ Դաշնակցությունն այդ հարցը բարձրացրել էր վաղուց: Նրա խոսքով` առնվազն նրանք, ովքեր մի քիչ երկար կենսագրություն ունեն քաղաքական կյանքում, կփաստեն, որ ռազմաքաղաքական դաշինքի մասին Դաշնակցությունը խոսել է երևի 10 տարուց ավելի: 
 
«Դրա անհրաժեշտությունը միշտ կարևորել ենք: Ռազմաքաղաքական դաշինքը, ըստ էության, մի կողմից չի թուլացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում, մյուս կողմից` կարձանագրի Հայաստանի և Արցախի անմիջական կապը: Այսինքն` այն ամենը, ինչ դե ֆակտո ունենք, դե յուրե իրավական դաշտ բերելու իրավական հարցն է լուծելու ռազմաքաղաքական դաշինքը: Այս խնդիրների հետապնդման  հետ կապված կոնկրետ քայլեր ենք արել: Եթե հիշեք, ժամանակին` դեռ նախագահական ընտրություններին, երբ Վահան Հովհաննիսյանն առաջադրել էր իր թեկնածությունը, խոսել էինք Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին պակտ կնքելու վերաբերյալ: Իսկ ապրիլյան պատերազմի հետևանքներով` մեր առաջարկությունն ընդունեց իշխանությունը, հանձնարարություն տվեց ԱԳՆ-ին, որ պատրաստի փաստաթուղթ»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ այդ ամբողջ աշխատանքների մեջ Դաշնակցությունը միշտ ներգրավված է եղել: 
 
Ըստ Ռուստամյանի` ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, թե ինչպես պետք է լինի այդ ռազմաքաղաքական դաշինքը, կարծում են, որ այսօր էլ ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է, ավելին` այդ անհրաժեշտությւոնը վաղուց էր հասունացել: «Այսօր ունենք Արցախի անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքներ` նոր պատերազմ հրահրելու` Ադրբեջանի մտադրությունների առումով: Պետք է հստակ արձանագրենք, որ հարձակում Արցախի վրա` նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Մեր միասնական անվտանգության համակարգի վերաբերյալ մենք մատնանշումներ արել ենք նախորդ բոլոր` համագործակցության պայմանագրերում: Այսինքն` բացարձակապես անհիմն են, և ես բացատրություն չեմ տեսնում այն հայտարարությունների մեջ, թե Դաշնակցությունը նոր է հիշում սրա մասին: Գուցե ուղղակի ոմանց պետք է այդպես ներկայացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
 
Նա նշեց նաև, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը ՀՅԴ-ի հետևողական մոտեցումն է եղել, և այսօր էլ դրա մասին խոսում են` այն գործնական դարձնելու համար: ՀՅԴ Բյուրոյի նախագահի խոսքով` ռազմաքաղաքական դաշինքի կնքման վերաբերյալ Դաշնակցությունն արդեն իսկ հանդիպել ու զրուցել է ինչպես Արցախի նախագահի, այնպես էլ ՀՀ վարչապետի հետ: «Գտնում ենք, որ պետք է այդ դաշինքի կնքման` ճիշտ համաձայնեցված քայլերը պայմանավորվենք, ճանապարհային քարտեզ մշակենք ու գնանք դրա կնքմանը: Կարծում եմ` սա պետք է դառնա մեր համաժողովրդական պահանջը` արցախահայության, Հայաստանի և Սփյուռքի, որպեսզի միասին արձանագրենք մեր միակամությունը` պաշտպանել մեր համահայկական շահերը` Արցախն ու Հայաստանը` միասին վերցրած»,- ասաց Բյուրոյի նախագահը: 
 
ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ նշեց, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին Դաշնակցության համաժողովն էլ հստակորեն արտահայտվեց` որդեգրելով նախկին մոտեցումները: 
«Համաժողովն անհրաժեշտ գտավ, որ, ապրիլյան քառօրյայից հետո և ներկա իրավիճակից ելնելով, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների` որևէ ժամանակ սկսվելուն: Ռազմաքաղաքական դաշինքն իրավական հարթության վրա է բերում Արցախի անվտանգության հարցում Հայաստանի դերակատարությւոնը»,- ասաց Տեր-Խաչատուրյանը: