Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքը վաղուց հասունացած խնդիր է, որի մասին երկու անգամ բարձրաձայնվել է, բայց տարբեր պատճառներով հետ ենք կանգել. Արցախում ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը:
Իր ելույթում նա նշեց. «Մեր այսօրվա իրավիճակը 100 տարի առաջ ունեցած մեր ռազմաքական պարտության հետևանքն է, որի արդյունքում թուրք-ադրբեջանական և բոլշևիկյան դաշինքը մեզ վերցրեց հրե օղակի մեջ և հայրենազրկեց՝ թողնելով մեր մեծ հայրենիքից շատ փոքր հատված: Արցախյան հակամարտությունը և հայ- ադրբեջանական հակամարտությունը պետք է դիտարկել այդ համատեքստում, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման երկարաժամկետ պայքարի մաս: Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը մեր բնական անքակտելի իրավունքների վերականգնման առաջին կարևորագույն քայլերից մեկն է, բայց բնավ վերջինը չէ: Մենք գտնվում ենք այդ գործընթացում, և այն կարող է շատ երկար տևել: Հաղթանակը հնարավոր է նախաձեռնողականության պայմաններում, հնարավոր չէ պաշտպանվելով հաղթել: Այստեղից երևում է Շուշիի բարձունքը, որը մարդիկ գրավել են ֆանտաստիկ նախաձեռնողականության պայմաններում, դա երևակությունից դուրս բան է եղել, որը մարդիկ արել են: Կարծում եմ, որ դրանից հետո սկսված կարգավորման դիվանագիտական գործընթացն ինչ-որ իմաստով արժեզրկել է այն ռազմական հաջողությունները, որոնք մենք ունեցել ենք: Մարտի դաշտում մենք եղել ենք շատ ավելի քաջ, քան հետո, երբ մեր վրա վերցրել ենք միջագզային, այսպես ասած, գոյություն չունեցով իրավունքի պարտադրանքը, որը մեզ չի տանում կարգավորման: Մենք հրաշալի հասկանում ենք, որ Մադրիդյան սկզբունքները չեն տանում ոչ մի կարգավորման, բայց չգիտեմ՝ ինչ պատճառով շարունակում ենք բանակցել:
Մենք պետք է ունենանք հստակ նպատակ՝ Արցախի վերջնական ազատագրումը և միացումը Հայաստանին, որպես միասնական հայկական պետություն, միաժամանակ բանակցային գործընթացը և կարգավորման գործընթացը պետք է առաջ մղենք հետևողականորեն, նախաձեռնողականորեն, բայց այնպիսի քայլերով, որպեսզի ոչ մեկը, առանձին վերցրած, չխաթարի պրոցեսի վերջնական նպատակը: Այդ իմաստով` Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքը վաղուց հասունացած խնդիր է, որի մասին երկու անգամ բարձրաձայնվել է, բայց տարբեր պատճառներով հետ ենք կանգել»: