Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ առաջարկում է Դաշնակցությունը՝ կնքել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք, փոքր-ինչ այլ ձևով 1994-ին առաջարկվել է Արցախի հարցով հատուկ հանձնաժողովի կողմից. yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ես այդ ժամանակ Արցախի հարցով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետն էի: Ուրեմն՝ 1992-ին, երբ հռչակվել է Արցախի անկախությունը, որոշման մարդիկ, այդ թվում՝ ես, մտավախություն ենք ունեցել, որ երկրի ճանաչումը միշտ չէ, որ կապվում է երկրի սահմանների ճանաչման հետ: Անձամբ ես համարում էի, որ ԼՂՀ-ն` պլյուս Շահումյանի շրջանը, բավականին փոքր մասն է այն տարածքի, որը ժամանակին՝ 1919-ին, համարվեց վիճելի տարածք. դա եղել է փարիզյան կոնֆերանսի և Ազգերի լիգայի կողմից: Այսինքն՝ ես միշտ էլ համարում էի, որ այն, ինչ տեղի է ունեցել 1918-ին` Կովբյուրոյի որոշումը, կա'մ պիտի ուժը կորցրած և անօրինական ճանաչել, կա'մ պետք է հստակեցնենք, որ, Լեռնային Ղարաբաղ ասելով, նկատի ունենք այն տարածքը, որը ժամանակին ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի տարածք՝ որպես վիճելի: Դա վերջին միջազգայնորեն կոռեկտ կարգավիճակն է, որն ուներ երեք անգամ մեծ տարածք, և որից երկուսից ավելի տարածք 1994-ից հետո մենք ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն: Ինձ համար հիմքը դա է, և պատահական չէ, որ 1996-ին մի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ Դաշնակցությունը, դրել են շրջանառության մի շատ կարևոր հարց, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ի կայացման օրինականությունը և իշխանությունների լեգիտիմությունը: Ի՞նչ է դա տալիս. սրան գումարած այս նոր ձևակերպումը, որ Դաշնակցությունը տալիս է, դա դե յուրե է դարձնում Հայաստան-Արցախ հարաբերությունները և որևէ կերպ չի վնասում Հայաստան-Արցախ միավորման տեսլականին: Այն ուժերը, որոնք ասում են, թե հեռացնում է դրանից, այդպես չէ: Երկրորդ՝ սա միջազգային հանրության համար գոնե մեկ երկրի կողմից Արցախի անկախության` ինչ-որ աստիճանի ճանաչում է, այլապես այսօր ամեն մի հարթակում ասում են՝ ոչ մեկը չի ճանաչել, անգամ՝ Հայաստանը, այսինքն՝ եթե լիներ օրինական և լեգիտիմ, ՀՀ-ն առաջինը կճանաչեր: Դաշնակցության մոտեցումը համարում եմ ճիշտ, որովհետև դա ամբողջովին ճանաչում չէ, որը միշտ վտանգ է համարվել ՀՀ իշխանությունների կողմից, որոնց կարծիքը չեմ կիսել: Հիմա Դաշնակցության առաջարկած` Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը խելացի փոխզիջում է Արցախի անկախության, ինչպես նաև կայացման և իշխանությունների լեգիտիմության ճանաչման հարցում: Սա կլինի միակ ձևը, որը ՀՀ-ին դուրս կբերեր զուտ փորձագիտական դաշտից` տանելով միջազգային, այլ խնդիր է՝ կհանգեցնի դա արագ միջազգային ճանաչմանը, թե` ոչ: Ի վերջո, անկախությունները ճանաչում են` աշխարհաքաղաքական շահերից ելնելով, բայց որ այդ հարցը կմտցվի օրակարգ՝ որպես Արցախի կայացման իրավական հիմք, անվիճելի է, այն չի մնա քաղաքական հեղհեղուկ դաշտում: Եվ այս առումով պատահական չէ, որ 1994-ին ՀՀ Գերագույն խորհուրդը պայմանագիր է կնքել Արցախի Գերագույն խորհրդի հետ»,- մանրամասնեց Ալավերդյանը:
Հարցին՝ սա միայն Արցախի միջազգային ճանաչման խնդի՞րն է լուծելու, թե՞ նաև արցախցիների իրավունքների` միջազգայնորեն իրացման, փորձագետը նշեց, որ սա մի քայլ առաջ է լեգիտիմության ճանաչման մասով:
«Արցախի բնակիչների իրավունքների` միջազգայնորեն իրացման հարցում զգուշավոր կլինեի գնահատական տալուց, բայց դա, այնուամենայնիվ, լուծում է Արցախում ապրողների համոզմունքի հետ կապված խնդիրը, որ Հայաստանը երես չի թեքելու: Արցախցիները մինչև հիմա իրենց ձեռքում չունեն որևէ փաստաթուղթ, որն իրավական առումով հաստատում է, որ հայկական երկու պետությունները որպես մեկ Հայաստան են հանդես գալիս, այդքան ասում ենք՝ Արցախը Հայաստան է, և վերջ, և սա պիտի ունենա իրավապայմանագրային արտահայտություն, ինչպես ժամանակին Գերագույն խորհուրդներն են արել: Ի դեպ, վերջերս Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ չի բացառվում 1994-ի հրադադարի պայմանագրի նման մի նոր պայմանագրի ստորագրում այլ ձևով, բայց` ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով»,- նշեց նա:
«Այսինքն՝ Արցախը կարող է դո՞ւրս մղվել» հարցին Ալավերդյանն արձագանքեց. «Շատ շնորհակալ եմ, որ կռահեցիք: Ի դեպ, ինձ համար միշտ կասկածելի է եղել՝ արդյո՞ք ՀՀ-ն պիտի ստորագրեր զինադադարի պայմանագիրը: Ժամանակին այս հարցը միշտ հնչեցրել եմ: Իսկ հիմա հարցականի տակ են դնում Արցախի ստորագրությունը: ԵԱՀԿ ՄԽ խմբի դեկտեմբերյան հայտարարությունը բավականին կոշտ, կոպիտ և դիվանագիտական բառապաշարից դուրս էր, թե` ֆորմատի փոփոխություն չպիտի լինի: Դա ինձ մոտ կասկած է առաջացնում՝ արդյո՞ք ՀՀ-ի հեղհեղուկ դիրքորոշումը չէ նման կոշտ հայտարարության պատճառը»:
Վերադառնալով Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքին՝ մեր զրուցակիցը նշեց, որ դրան ոչ մի դիմադրություն չի հետևի, քանի որ այն իրենից բարոյա-իրավական փաստաթուղթ է ներկայացնում: «Դա փաստի արձանագրում է, քանի որ ՀՀ նոր իշխանությունները տարբեր մակարդակներով այցելություններ են կատարում Արցախ: Սա չի կարելի համարել խորքային դիվանագիտական փաստաթուղթ, այն բարոյա-իրավական դաշտում է»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը:
Մարիամ Պետրոսյան