Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի էլ ավելի սերտ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական և ընտրական համակարգի բարեփոխումների և այլ ոլորտներում:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, կարևորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի ղեկավար: Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում իրական պառլամենտարիզմի կայացման համար:
Դեսպանը նաև արժևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները: