կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 17:45
Հասարակություն

Գյուղնախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Գյուղնախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է պետության աջակցության ավելացումը գյուղատնտեսությանը պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, ինչպես նաև գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակումը։

Որպես ոլորտի զարգացման մեկ այլ կարևոր բաղադրիչ` նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձևավորումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը, ինչը թույլ կտա բարձրացնել հողերի տնտեսական արժեքը:

Անասնապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարար Արթուր Խաչատրյանը հատկապես կարևորել է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը: Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս առումով Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է մեկնարկել գյուղապահովագրության պիլոտային ծրագիր Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում:

Ոլորտի առաջնահերթությունների թվում նախարարը նշել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և կարկտապաշտպան ժամանակակից համակարգերի ներդրումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը: ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ֆինանսական և տեխնիկական օժանդակության ձևաչափերով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին